Ermenihaber.am-ը գրում է.
Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենահավանական հակառակորդը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն է: Այս պահին նա ընտրվելու ավելի շատ շանսեր ունի, քան Էրդողանը:
Այս մասին հայտնի է դարձել թուրքական «Yöneylem» սոցիոլոգիական կազմակերպության իրականացրած հարցումներից: Նշվում է, որ կազմակերպությունը 2020-ից համագործակցում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրադահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) հետ, որի անդամն է Իմամօղլուն և կուսակցության պատվերով հարցումներ է իրականացնում Թուրքիայի օրակարգում գտնվող տարբեր թեմաների վերաբերյալ:
Հունվարին իրականացված հարցումների ժամանակ մասնակիցներին հարցրել են, թե առաջիկա նախագահական ընտրություններին ում օգտին են քվեարկելու՝ առաջարկելով ընտրություն կատարել Էրդողանի և 6 այլ հավանական թեկնածուների միջև:
Նշվում է, որ Էրդողանի ու Իմամօղլուի միջև ընտրություն կատարելիս հարցվածների 39.1%-ը նախընտրել է ներկայիս նախագահին, իսկ 41.4%-ը՝ Ստամբուլի գործող քաղաքապետին:
Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ ենթադրյալ մրցակցության պայմաններում հարցվողների նախընտրությունները բաշխվել են հետևյալ կերպ՝ Էրդողանի օգտին 37%, Գյուլի օգտին 25.2%: Իսկ նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ ենթադրյալ մրցակցության պայմաններում պատկերը հետևյալն է՝ Էրդողան - 37%, Բաբաջան - 27.1%:
Նշվում է, որ հարցումներն իրականացվել են Թուրքիայի 26 նահանգների 120 շրջաններում: Մասնակցել է 2507 քաղաքացի: