News.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունները չեն կարող կայացած համարվել և կոչ է արել չդադարեցնել բողոքի ցույցերը, գրում է Новости-Грузия-ն։
«Երկրում ընտրությունները չեն կայացել... հրամայական է, որ դրանք նորից անցկացվեն որքան հնարավոր է շուտ»,-ասել է Զուրաբիշվիլին հատուկ ճեպազրույցում։
Դրանից առաջ նա խորհրդակցություններ է անցկացրել ընդդիմության առաջնորդների հետ, որոնք մեկ օրից ավելի է, ինչ փակում են Թբիլիսիի կենտրոնի տրանսպորտային խաչմերուկներից մեկը՝ պահանջելով նոր ընտրություններ։
Ըստ Վրաստանի նախագահի՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունները «չեն կայացել», և երկիշխանության առնչությամբ «երկրին ապակայունացում է սպառնում»։ Նա նշել է, որ անհրաժեշտ է լուծել համակարգային խնդիրները, այնուհետև անցկացնել նոր ընտրություններ։
Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հայց է ներկայացնում Սահմանադրական դատարան և բողոքարկում է խորհրդարանական ընտրությունների արդյունքները քվեարկության գաղտնիության զանգվածային խախտումների պատճառով. խոսքը քվեաթերթիկների մասին է, որոնց վրա ընտրված կուսակցության դիմաց սև շրջանակը լույսի տակ երևում էր։
Ըստ Վրաստանի նախագահի, միաժամանակ խախտվել է ընտրողի ընտրական իրավունքը. տվյալ դեպքում պահանջներ են ներկայացվել արտերկրում վրացի ներգաղթյալների օգտին քվեարկություն կազմակերպելու դեմ։
Նրա կարծիքով, աշխատանքները պետք է ժամանակավորապես շարունակեն Վրաստանի նախկին կառավարությունն ու խորհրդարանը։
Ըստ Սահմանադրության՝ ընտրություններից հետո նոր խորհրդարանի առաջին նիստը նշանակում է նախագահը, ինչը Զուրաբիշվիլին չի պատրաստվում անել։ Կառավարությունն ու «Վրացական երազանքը» հայտարարեցին, որ նախագահի գործողություններն այս դեպքում պարտադիր չեն, և ամեն դեպքում առաջին նիստը կանցկացնեն նոյեմբերի 25-ին։ Նույն նիստը նախատեսվում է վստահություն հայտնել «Վրացական երազանքի» նոր կառավարությանը։
Զուրաբիշվիլին հայտարարել է, որ քաղաքական կուսակցություններին, կառավարությանն ու հասարակությանն առաջարկում է ներկայիս քաղաքական ճգնաժամից դուրս գալու իր տեսլականը. հին խորհրդարանը և հին կառավարությունը մնում են, և պատրաստվում են նոր ընտրություններ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել