Ժնևում երեկ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, ինչպես երևում է պաշտոնական փաստաթղթերից, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ինչպես նաև ապագա կարգավորման հիմքը հանդիսացող ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ և ՏԱՐՐԵՐԸ:

Հետաքրքրականն այն է, որ բանակցությունների սեղանին մինչ այսօր եղած փաստաթղթերում միայն «Մադրիդյան սկզբունքներում» է խոսք գնում սկզբունքների և տարրերի մասին: Այսինքն՝ սա փաստացի հղում է տվյալ փաստաթղթին կամ դրա թարմացված ինչ-որ տարբերակի:

Հիշեցնեմ, որ «Մադրիդյան սկզբունքներն» այն փաստաթուղթն է, որի մասին Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոսելիս Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին կոչ արեց կարծիք հայտնել դրա վերաբերյալ: Իսկ Արցախի թեկնածուներից նրանք, ովքեր արձագանքեցին այդ կոչին, միաձայն նշեցին, որ առհասարակ դեմ են դրան:

Այսինքն՝ ականատես ենք դառնում գործող իշխանությունների կողմից երկակի ստանդարտների կիրառման: Մի կողմից վարչապետն, արցախցիների կարծիքը հարցնելով, փորձում է հանրությանը ցույց տալ, որ իբրև թե նպաստում է Արցախի սուբյեկտայնության բարձրացմանը, մյուս կողմից արտգործնախարարը բանակցում է այն փաստաթղթի շուրջ, որին փաստացի դեմ են արտահայտվել վարչապետի կոչին արձագանքած թեկնածուները:

Հիմա հարց․ վարչապետն ու արտգործնախարարը Ղարաբաղի հարցով 2 տարվա ընթացքում այդպես էլ մեկ ընդհանուր հայտարարի չկարողացա՞ն գալ, որ մեկը մի բան է ասում, մյուսը մեկ այլ բան է բանակցում, թե՞ երկուսով միասին են որոշել ներքին լսարանին ուրիշ բան ասեն, միջազգայինին՝ լրիվ այլ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել