Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը շարունակվելու է նաև այսօր։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանում փետրվարի 9-ին խորհրդարանական ընտրություններ են սպասվում, ակնկալվում էր, որ տարբեր դետալների շուրջ բանակցությունները տեղի կունենան ընտրություններից հետո, և այս հանդիպումը երկար չի տևի։
Սակայն, ի հեճուկս այս ակնկալիքների, հանդիպումը տևեց մոտ 7 ժամ։ Եվ ուշագրավ է, որ արտգործնախարարների հանդիպմանը զուգահեռ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ԱՄՆ-ի դեսպանը հանդիպում է ունենում Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ։
Սա Ղարաբաղի ադրբեջանական համայնքին բանակցային գործընթաց ներմուծելու Ադրբեջանի հերթական քայլն է, և Հայաստանը քայլեր պետք է ձեռնարկի դրան հակազդելու համար։ Ինչո՞ւ, օրինակ, Հայաստանն էլ նույն հաջողությամբ օրակարգ չի բերում Ադրբեջանի կողմից օկուպացված և Արցախի մաս կազմող Շահումյանի շրջանի համայնքին բանակցային գործընթացի մեջ ընդգրկելու թեման։