«Գումարները փոշիացվում են մարզային տարբեր փոքր հիվանդանոցներում։ Այդ գումարները, որոնք տալիս ենք շենքի պահպանման կամ պատերի տաքացման համար, կգնան գործիք գնելուն»: Սա մեջբերում է երեկվա ասուլիսից:
Երեկոյան լսում էի Ազգային առողջապահական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, գիտությունների դոկտոր, մանկաբարձ-գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանի հարցազրույցը, որը «live»-ով տարածում էր ամենայն հայոց աթեիստ, գարդասիլասեր նախարարը: Գիտեք, շատ հետաքրքիր է՝ ի՞նչի դիմաց է այդ բժիշկը նման ձևով մեկնաբանում խնդիրը, չնայած մեկնաբանությունների մեջ չկային ոչ մի փաստարկ և ոչ մի հիմնական ապացույց: Պարոն Համբարձումյանը ասում է, որ հղիների մոտ բարդացած դեպքերում կարող է 5 րոպեում անդառնալի ելք գրանցվել, և որ այդ փոքրիկ կենտրոններում մինչև մտածեն հետազոտեն, մինչև մտածեն, որ մի բան լինի, կտանեն մեկ այլ հիվանդանոց, կանցնի թանկագին ժամանակ: Եվ դրա փոխարեն առաջարկում է միանգամից դիմել այդ մեծ հիվանդանոցներ: Միևնույն ժամանակ նաև շեշտում է, որ այդ փոքր բժշկական ամբուլատորիաներից մինչև մեծ հիվանդանոցներ հեռավորությունը շատ չէ` 25-30 կմ։
Հիմա հարց. 25-30 կմ միջգյուղային ճանապարհներով ի՞նչ ժամանակում կարելի է հասնել: Ասում է, թե լինում են ծանր դեպքեր` արյունահոսություն, պրեէկլամսիա, պտղի սխալ դիրք և այլ դեպքեր, որոնց ժամանակ, այսպես թե այնպես, հղիները գնում են Երևան: Բա եթե գնում են Երևան, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը: Նրա խոսքերով` խնդիրը դեռ տասնյակ տարիներ առաջ պետք է լուծված լիներ, և կարիք չկա ամեն 10 կմ-ի վրա նոր կենտրոններ կառուցելու: Իսկ ո՞ւր էիք այդ տասնյակ տարիների ընթացքում և այդ մասին չէիք խոսում, իսկ ո՞վ է ասում նորը կառուցել: Ինչո՞ւ եք հիմա խոսում: Կամ մեջբերել միջազգային փորձը և հաշվի չառնել տարածաշրջանը, բնակչության թիվը, ցածր աշխատավարձը, աղքատությունը։ Դա առնվազն ապակողմնորոշում է: Համեմատել, որ Ֆրանսիայում փոքր կրպակ փակելիս մարդիկ դուրս են գալիս դեմոնստրացիոն բողոքների, և Հայաստանում նորմալ է, որ բնակչությունը բողոքում է, որ «դադարեցնում» են մանկաբարձական ծառայության գործունեությունը որոշ համայնքներում։ Սա նույնպես անընդունելի է:
Իսկ հարցազրույցի ամենահետաքրքիր պահը էլի վերաբերում էր 150 ծննդկանի հաշվարկին: Եվ լրագրողի հարցին, թե այդ թիվը ի՞նչ հաշվարկներով է արված և արդյո՞ք միջինացված է, պատասխանում է, որ կոնստրուկտիվ թիվ է, և որ պետք է լիներ 200-300 ծննդկանի հաշվարկ՝ ավելացնելով, որ շատ եվրոպական երկրներում այդպես են հաշվում: Եվ դեռ ավելացնում է, որ բողոքները առաջացել են հանրային գերագույն շահից: Այո՛, հանրային շահից է, և այսօր գաղտնի որոշումներ կայացնելուց առաջ հանրային քննարկումներ չեն եղել:
Այնպես որ, հարգելի Համբարձումյան և պարոն «PR» նախարար, համոզիչ չէր ձեր ասուլիսը և հանրությունը պայքարելու է: Եվ վերջում խորհուրդ կտամ PR-ով տարված մարդուն ավելի համոզիչ պատասխաններ տալ և ցույց տալ 150 թվի հաշվարկը: Եվ ի վերջո, պետություն և պետականություն ունենալու համար այդքան էլ կարևոր չեն զուտ չոր թվային հաշվարկները: Բացատրեմ ինչու: Տվյալ տարածաշրջաններում բնակչությունը պահելու համար անհրաժեշտ է պահպանել և ստեղծել կենսական նշանակության ինֆրաստրուկտուրաներ, որից կախված է բնակչության հարմարավետությունը, ապրելու որակը և մակարդակը, հակառակ դեպքում մարդիկ կգնան և կապրեն ավելի հարմարավետ վայրերում, և կունենանք դատարկված գյուղեր և համայնքներ: Իսկ սահմանամերձ գոտիներում դա անթույլատրելի է:
Հ. Գ. Շարունակեք ձեր հագուստով, մեքենաներով և պարգևավճարներով զբաղվել, առողջապահության համակարգը հանգիստ թողեք: