Լսեցի առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող անձի ճեպազրույցը: Եկեք միասին վերլուծենք.
1. Փաստորեն, Տավուշի մարզպետը քաղաքական կամքից ավելի թույլ է կամ կամք չունի, իսկ Կոտայքի մարզպետը կարողացավ ինչ-որ կերպ դրսևորել իր քաղաքական կամքը և գալ ընդհանուր համաձայնության:
2. Նորից «փակվել» բառի մանիպուլյացիան: Աչաջուր համայնքի ԱԿ-ն դադարելու է ստացիոնար բուժծառայություններ մատուցել, իսկ կանանց կոնսուլտացիան գործելու է: Նախարարը նշեց, որ Աչաջրի մանկաբարձական ծառայությունը հեռու է իր կողմից սահմանված թե՛ պայմաններից, թե՛ ցուցանիշներից: Իսկ թե այդ պայմանները ինչ հաշվարկներով են արված, ոչ մի խոսք:
3. Հետևողական է լինելու, որ պարզի, թե ո՞վ է թույլ տվել օպերատորին խախտելով սանիտարահամաճարակային պայմանները, հայտնվել ծննդօգնության սենյակում: Նորից շեշտեմ, որ Աչաջուր համայնքն ուղիղ գծով 6 կմ հեռավորության վրա է գտնվում սահմանից: Աչաջուր համայնքի ԱԿ-ի բժշկական անձնակազմն իրենց հոգատար և բարի համբավի շնորհիվ ծառայում են ոչ միայն աչաջրեցիներին, այլ նաև սպասարկում են սահմանամերձ բոլոր գյուղերի բնակիչներին, ինչպես նաև Նոյեմբերյանի և Շամշադինի մի շարք գյուղերի:
Նախարարը շեշտեց, որ Աչաջուրը 15 կմ հեռավորության վրա է գտնվում Իջևանից, որտեղ ավելի լավ կենտրոն կա: Չնայած որ այդքան բարվոք վիճակում չէ Իջևանի ԲԿ-ն: Իսկ մյուս գյուղերը մինչ 40-50 կմ հեռավորության վրա են գտնվում: Սրան ի՞նչ կասի նախարարը: Այդ մարդը ոչ մի կերպ չի հասկանում՝ ինչ է պետությունը, ինչ է անվտանգությունը, ինչ է առողջ հասարակությունը: Աչաջրի մանկաբարձական ծառայությունը ոչ մի պայմաններում չի կարելի դադարեցնել: Ճիշտ հակառակը, պետք է զարգացնել, խրախուսել, ամրապնդել, ընդլայնել և ջանքեր ներդել սահմանամերձ Աչաջուր համայնքում:
Հ.Գ. Պարոն նախարար, հետևողականությունը սկսեք հենց ձեզանից: Նկարները տեղադրում եմ, որ թարմացնեք ձեր հիշողությունը: ԱՆ նախարարը պետք է օրինակ լինի և՛ բուժաշխատողների, և՛ բնակչության համար: