Չէ՛, դա այն կաբինետը չէ, որտեղ նստում են քաջ Նազարի մասին ժողովրդական հեքիաթի մերօրյա մարմնավորողները: Հաստա՛տ այդ աշխատասենյակը չէ, որի ժամանակավոր տերը դարակազմիկ դատողություններ է անում երկշաբաթական խոզաբդի մասին: Бли՛н-չիկ...
Ու ոչ էլ, առավել ևս այն աշխատասենյակն է, որն զբաղեցնող անձնավորությունը երաշխավորված չի՛ երաշխավորում այն, ինչ պիտի երաշխավորեր: Չէ՜ մի... Պետության գլուխ: Օղաբլիթի անցք, այլ ոչ թե սահմանադրության երաշխավոր: Մի հատ էլ՝ бли՛н-չիկ в студию!
Առավել ևս, պետության թիվ 1 աշխատասենյակը Ազգային պարգևավճարաժողովարանում չէ: Նրանցը պոլի փետ քշելն ու խալի լվալն է, խալխին զբաղեցնելը...
Պետության թիվ 1 աշխատասենյակը այսօր այն բանտախուցն է, որտեղ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Ինքը շատ դիպուկ էր ասել վերջին հայտարարության մեջ. «Ուզում եմ իմանաք՝ բանտախուցը ընկալում եմ որպես աշխատասենյակ, որտեղ աշխատում եմ հանուն ՀՀ-ի լավ ապագայի։ Այն ապագայի, որտեղ կհարգվեն մեր ազգային արժեքները, մեր ինքնությունը, ուր կապրենք առանց կեղծիքի ու ստի, առանց անամոթ պոպուլիզմի»:
Մարդ կա՝ անազատության պայմաններում էլ է ազատ և ուժեղ: Մարդ էլ կա՝ դրսում է, բայց ասես վանդակված լինի, այնքան խղճուկ է ու մանրապճեղ իր ամեն ինչով:
Բայց դա այլ հարց է: Խոհափիլիսոփայական: Չշեղվենք:
Պետության թիվ 1 աշխատասենյակը Ռոբերտ Քոչարյանի բանտախուցն է, քանի որ այն ժամանակավորապես զբաղեցնող գործիչն է ձևակերպում քաղաքական իրական օրակարգի էական հարցերի մեծ մասը, կապված լինեն դրանք տնտեսական խնդիրների՞, ներքաղաքական կնճիռների՞, թե՞ Արցախի ու անվտանգության ապահովման հիմնախնդիրների հետ:
Վաղ թե ուշ երկիրը դուրս է գալու պատեհապաշտության ու անպատասխանատվության, քաղաքական միմոսության ու զազրախոսության այս կպչուն և թունավոր դոնդողից: Դժվար է ասել, թե ինչ գնով, բայց անկասկած, դուրս ենք գալու: Եվ այդժամ պետականությունը նորոգելու, ուժեղացնելու և առաջ գնալու գործում հաստատ պետք են գալու այն գաղափարներն ու մոտեցումները, որոնք այսօր իրենց բանաձևումներն են ստանում պետության թիվ 1 աշխատասենյակում՝ հիմնված դատողունակ ու սեփական երկիրն ու ժողովրդին առանց սելֆիի ձողիկի սիրող հայրենակիցների մտահոգությունների, դիտողությունների, ինչո՞ւ ոչ, նաև սեփական սխալների վրա:
Պայքարը առջևում է, հաղթանակն՝ անխուսափելի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել