1,5 տարի առաջ Հայաստանի քաղաքացիներս նորանշանակ վարչապետ Փաշինյանի կողմից հնարավորություն ստացանք՝ տեսնելու, թե ինչ պայմաններում են ապրել/ապրելու Հայաստանի ղեկավարները կառավարական առանձնատանն՝ ի հաշիվ մեր կողմից վճարված հարկերի:

Այսօր արդեն, շրջանառվող լուրերի համաձայն, վարչապետին և նրա ընտանիքին սպասարկող առանձնատանը վերանորոգման աշխատանքներ են ընթանում, որոնց համար պետբյուջեից հատկացվել է 2 մլն դոլար գումար: Արդարության համար նշենք, որ այդ գումարը պաշտոնական թիվ չէ, բայց և չկա դրա պաշտոնական հերքումը:

Փոխարենն ունենք երկու փաստ․ մեկը հայկական լրատվամիջոցներից մեկի հարցմանն արված պաշտոնական պատասխանն է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից, որում ասվում է․ «Հարցվող տեղեկատվությունը չի տրամադրվում, քանի որ այն պետական գաղտնիք է»: Երկրորդը, որն, ըստ էության, վերահաստատում է նախորդ փաստը, ոչ վաղ անցյալում Կառավարության 1238-Ն՝ «հույժ գաղտնի» դրոշմագրմամբ որոշումն է, որը նախատեսում է պետական բյուջեում վերաբաշխում:

Թե ինչպես ստացվեց, որ այսքան կարճ ժամանակ անց ժողովրդի վարչապետի և նրա ընտանիքի սպասարկման համար արվող ծախսերը դարձան ժողովրդի համար «հույժ գաղտնի», մեկնաբանության հարց է։

Վարչապետը նույնպես ունի այդ մեկնաբանության հնարավորությունը, ու այս դեպքում արդեն վերանորոգված առանձնատնից միայն լայվով տեսանկարահանումը քիչ կլինի: Նաև հիմնավոր բացատրության կարիք կլինի, թե ինչ շտապողականություն կար այդօրինակ ծախսի համար՝ փոխանակ այդ գումարն ավելի ժողովրդական նպատակի ծառայեցնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել