Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը որոշել է չհետևել արքայական ընտանիքի բոլոր սերունդների հարսանիքները ֆինանսավորելու երկարամյա ավանդույթին:

Express պարբերկանի փոխանցմամբ, Եղիսաբեթ II-ը հրաժարվել է ֆինանսավորել իր վերջին չամուսնացած թոռնուհու՝ Բեատրիսի առաջիկա հարսանիքը: Արքայադուստր Բեատրիսը և նրա իտալացի փեսացու Էդոարդո Մապելի Մոցցին իրենք են ճոխ տոնակատարություն կազմակերպելու 2020-ին: Սիրահարների միության շուրջ ի սկզբանե սկանդալ է առաջացել, քանի որ 31-ամյա բրիտանուհու ընտրյալ է դարձել ամուսնալուծված իտալացին:

Անցած երկու տարիների ընթացքում Քենսինգթոնյան պալատում անցկացվել են երկու լայնամասշտաբ տոնակատարություններ՝ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ամուսնության կապակցությամբ, ինչպես նաև արքայադուստր Եվգենիայի և Ջեք Բրուքսբենկի ամուսնության կապակցությամբ: Եվ եթե Յորքի արքայադստեր հարսանիքին ծախսվել է 2 միլիոն ֆունտ ստեռլինգ, ապա Սասեքսի դուքսերը 32 միլիոն ֆունտ ստեռլինգ են ծախսել:

«Բրիտանացիներն այնքան էլ չէին ցանկանում վճարել արքայադուստր Եվգենիայի կարևոր օրվա համար: Շատ բրիտանացիներ դեմ էին հարկատուների կողմից արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքի ֆինանսավորմանը, բայց ստիպված էին ընդունել դա, ինչպես և արքայական մնացած բոլոր իրադարձությունները: Բայց այս արքայական հարսանիքում (Բեատրիսի և Մոցցիի) կա մի այլ բան, որից ուրախ չեն մարդիկ»,- բրիտանական պարբերականին ասել է պալատի մամուլի խոսնակը: Հարկատուները, որոնց միջոցներից ֆինանսավորվում են Քենսինգթոնի և Բուքինգհեմի պալատները, խիստ վրդովվել են նման ծախսերից, և մոտ 14 հազար բրիտանացիներ միջնորդագիր են ստեղծել՝ պետական միջոցները վատնելու դեմ: Հետևաբար, արքայական ընտանիքի ներկայացուցիչը հաղորդել է, որ արքայադուստր Բեատրիսի և իտալացի միլիոնատեր Էդոարդո Մապելի Մոցցիի հարսանիքը ֆինանսավորվելու է իրենց բյուջեից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել