Պեկինի գլխավոր՝ Տյանանմեն հրապարակում մեկնարկել են ՉԺՀ կազմավորման 70-ամյակի տոնական միջոցառումները, որին մասնակցում են Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, վարչապետ Լի Կեցյանը, պետության նախկին ղեկավար Ցզյան Ցզեմինը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, գրում է Daily Mail-ը:
Ռազմական շքերթը վերջին տասնամյակների նմանօրինակ միջոցառումների շարքում ամենախոշորն է: Ռազմական շքերթը համակարգող խմբի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Ցայ Չժիցյունի տվյալներով` շքերթին մասնակցում է գրեթե 15 հազար զինվորական, 580 միավոր տեխնիկա, 160 ինքնաթիռ և ուղղաթիռ:
Չինաստանի ազգային-ազատագրական բանակը պետությունից մեծ է 22 տարով, սակայն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորմամբ այն զարգացման նոր փուլ թևակոխեց: Առաջին ռազմական շքերթը կայացել է նոր հանրապետության հռչակման տարում` 1949 թվականին: Այդ ժամանակից ի վեր շքերթները դարձել են երկրի ռազմական ուժի և զարգացման մակարդակի ցուցադրման բաղկացուցիչ մասը:
«Չկա մի ուժ, որ կարող է սասանել այս հզոր երկրի հիմքերը: Չկա մի ուժ, որ կարող է չին ժողովրդին ետ պահել զարգացման իր ուղուց»,- հայտարարել է Չինաստանի ղեկավարը շքերթի ժամանակ:
Նա հավելել է, որ չին ժողովուրդն իր ջանքերի շնորհիվ այս 70 տարիների ընթացքում հասցրել է այնպիսի հաջողություններ գրանցել, որոնք հարուցել են ամբողջ աշխարհի զարմանքը:
Ծինփինը նշել է, որ Չինաստանը շարունակելու է խաղաղ զարգացման և բաց քաղաքականության իր ուղին, իսկ չինական բանակը և ռազմական ոստիկանությունը վճռականորեն պաշտպանելու են երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը և շահերը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հիմնադրվել է 1949 թվականի հոկտեմբերի 1-ին: Երեքշաբթի, հանրապետության հիմնադրման 70-ամյակի հետ կապված, Պեկինում տոնական մեծամասշտաբ միջոցառումներ են տեղի ունենում, որոնց շարքում գլխավորը, իհարկե, ռազմական շքերթն է: