Yerkir.am-ը գրում է.

Հաշվի առնելով, որ «Սասնա ծռեր»-ն ունի ռազմական ունակություններ, որոնք ցույց է տվել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, կարելի է ենթադրել, որ նախկին իշխանությունների վերադարձը թույլ չտալու հարցում ուժային լուծումներ կարող են լինել, և նրանք առաջարկել են իրենց օգնությունը. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ մեկնաբանելով «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հանդիպման օրակարգը ներկայացնելով՝ Սեֆիլյանը բացատրել է, թե նպատակը նախկին իշխանությունների ռևանշի վտանգը թույլ չտալն է: Ստեփան Դանիելյանը հարց ունի՝ ի՞նչ է նշանակում՝ թույլ չեն տալու և ինչպե՞ս թույլ չեն տալու: Նա հիշեցնում է, որ «Սասնա ծռերը» ընտրությունների ժամանակ ավելի քիչ ձայն է հավաքել, քան ՀՀԿ-ն, նշանակում է՝ թույլ չտալը քաղաքական գործունեություն չի լինելու: Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի հերքել տարածվող լուրերը, ուրեմն քաղաքագետը ենթադրում է, որ վարչապետն, ըստ էության, ընդունել է ոչ ֆորմալ ռազմականացված կառույցի օգնությունը ներքաղաքական պայքարում  և ունի դրա կարիքը:

«Նույնպես շատ անհասկանալի է՝ ինչ կարելի է նկատի ունենալ՝ «ռևանշ» ասելով: Եթե ռևանշի տակ հասկանում են քաղաքական գործունեությունը և ընտրությունների միջոցով իշխանության գալը, ապա դա ցանկացած ուժի իրավունքն է, և այստեղ որոշողը ժողովուրդն է: Եթե դա թույլ չեն տալու՝ սահմանադրական կարգի խախտում է, որը համապատասխան գնահատական է ստանում: Եթե ենթադրում են, որ նախկին ուժերը ոչ օրինական ճանապարհով են փորձելու ռևանշ անել, այդ հարցը լուծելու համար օրինական եղանակներ կան, և կան իրավապահ մարմիններ՝ ոստիկանություն և այլն: Եթե դա բավարար չէ նման բաները կանխելու համար, նշանակում է՝ այդ կառույցներին Նիկոլ Փաշինյանը չի վստահում. դա էլ մյուս ենթադրությունն է, որը կարող ենք անել»,- մեկնաբանում է Ստեփան Դանիելյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել