Ստեփանակերտում օրերս տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե Արցախը Հայաստանի մաս է, ակտիվ քննարկման թեմա դարձավ: Հետաքրքական է, որ վարչապետի ելույթից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին, նշել է, թե Ռուսաստանն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի միջոցով:
Այսպիսով, Ռուսաստանն ակնարկում է, որ հակամարտության կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն են, իսկ բանակցություններում Արցախի մասնակցության հարց դրված չէ: Ինչպես տեսնում ենք, առանց բանակցային գործընթացում Արցախի լիարժեք մասնակցությանը և դե յուրե ճանաչմանը հասնելու՝ Արցախը Հայաստանի մաս հայտարարելու արդյունքում մեզ համար ոչ ձեռնտու փոփոխություններ են նկատվում միջնորդ երկրների հայտարարություններում: Ուստի հարկ է՝ ամեն քայլ ձեռնարկել Արցախի իրավասուբյեկտությունը բարձրացնելու համար, որպեսզի Ադրբեջանը և միջնորդները հասկանան, որ հակամարտության լուծման համար վերջին խոսքը Արցախինն է: