Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ցույց տվեց, որ բանակցային գործընթացում առաջընթաց չի նկատվում: Միակ համաձայնությունը, որ արտգործնախարարները ձեռք են բերել, վերաբերում է լարվածության վտանգի նվազեցմանն ուղղված արագ արձագանքման նպատակով գոյություն ունեցող ուղիղ կապի օգտագործմանը, սակայն հույսեր չկան, որ այն լիարժեք կգործի:

Բացի այդ՝ միջնորդների հայտարարության բովանդակությունից հասկանալի է դառնում, որ համանախագահներն իրենց հիմնական հույսերը կապում են արտգործնախարարների հաջորդ հանդիպման հետ, որի արդյունքները հիմնականում կախված են լինելու նաև նրանից, թե ինչ իրավիճակ կստեղծվի շփման գծում: Եթե առաջիկայում նոր լարվածության ալիք սկսվի սահմանում, ապա անիմաստ է արտգործնախարարների նոր հանդիպումից որևէ արդյունք ակնկալել:

Ադրբեջանը նոր մարտավարություն է որդեգրել․ մի ձեռքով ցանկանում է սրել իրավիճակը, իսկ մյուս ձեռքով՝ բանակցել, ինչի մասին է վկայում արտգործնախարար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե շփման գծում տիրող իրավիճակը չպետք է խանգարի հռչակագրին կամ խաղաղ պայմանագրին հասնելուն:

Հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները՝ Արցախյան հակամարտության կարգավորումը հատուկ նշանակություն է ստանում: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, թե միջազգային հանրությունը թույլ չի տալիս իրենց ռազմական գործողություններ սկսել, ուստի ներկա պայմաններում չի բացառվում, որ Ադրբեջանն օգտագործի միջազգային իրադրությունը, մասնավորապես՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունների ծայրահեղ լարումը, ու ռազմական գործողություններ վարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել