Ադրբեջանը վերջին օրերին շարունակում է ինտենսիվորեն սրել իրադրությունը շփման գծում, ինչի արդյունքում պաշտպանության բանակում մահվան դեպքով միջադեպ է գրանցվել:
Այսպիսի իրավիճակում պարզվում է, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։ Հասկանալի է, որ Ադրբեջանը դիմում է սադրիչ գործողությունների, որպեսզի հանդիպմանն ընդառաջ ձևավորվի ոչ նպաստավոր միջավայր, և բանակցային գործընթացի շարունակականությունը հարցականի տակ դրվի:
Միջնորդները, եթե ցանկանում են խուսափել հնարավոր ռազմական էսկալացիայի անցանկալի հետևանքներից, ապա պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը: Հակառակ պարագայում Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումը կվերածվի ընդամենն անարդյունք և ֆիկտիվ հանդիպման՝ թոզ փչելու համար, թե բանակցային գործընթացը շարունակվում է: