Նախատեսվում է, որ ապրիլի 15-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվայում կհանդիպեն: Հանդիպմանը մասնակցելու է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի արտգործնախարար:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման փաստն ուշագրավ է այն տեսանկյունից, որ այն տեղի է ունենում Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպումից կարճ ժամանակ հետո՝ մոտ երկու շաբաթ անց, և այնպիսի մթնոլորտում, երբ Ադրբեջանն, անտեսելով խաղաղությանը միտված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություները, շարունակում է կոշտացնել ռազմական հռետորաբանությունը և հակահայկական քարոզչությունը:
Թերևս Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության թանաքը դեռ չչորացած՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների շուտափույթ հանդիպումը վկայում է այն մասին, որ Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ Արցախյան հարցի բանակցային պրոցեսում որևէ առաջընթաց չի գրանցվել, և ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունն ընդամենը ձևական բնույթ է կրել՝ ցույց տալու համար, թե բանակցային գործընթացը շարունակվում է:
Սակայն հակամարտության շուրջ լարվածության մեծացումը և ադրբեջանական կողմի՝ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ հայտարությունները ստիպել են ՌԴ արտգործնախարար Լավրովին միջնորդել նոր հանդիպում կազմակերպելու համար, որի ժամանակ պետք է հող նախապատրաստվի Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպման համար: