Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահի տեղակալ Պյոտոր Տոլստոյին։ Վահե Էնֆիաջյանը Պյոտոր Տոլստոյին է փոխանցել մեր երկիր այցելելու` Գագիկ Ծառուկյանի պաշտոնական հրավերը, որի շրջանակներում նախատեսվում է հանդիպում-քննարկում` օրակարգում ունենալով հայ-ռուսական հարաբերություններին և միջխորհրդարանական դիվանագիտությանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։
Պետդումայի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել և սիրով ընդունել Գագիկ Ծառուկյանի` Հայաստան այցելելու հրավերը։
Զրուցակիցները կարևորել են բարեկամ ժողովուրդների բազմադարյա ավանդույթների շարունակականության անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ տարվող երկկողմ աշխատանքները։
Վահե Էնֆիաջյանն իր խոսքում առանձնացրել է հարաբերությունների հետագա ամրապնդման գործում խորհրդարանական դիվանագիտության անհրաժեշտությունն ու բազմավեկտոր նախաձեռնությունների իրագործումը։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն իր ռուս գործընկերոջն է ներկայացրել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքերի ժամանակակից թաղամասի և ռուսական թեքումով մասնագիտացված դպրոցի մեկնարկած աշխատանքները, ներկայացրել էսքիզներն ու այն վերջնական տեսքը, որը կունենա միջազգային չափորոշիչներով կառուցվող թաղամասն ու հարակից դպրոցը։