Հասարակության և փորձագիտական շրջանակների մոտ շարունակաբար խորանում է համոզմունքն առ այն, որ Մարտի 1-ի գործը և Քոչարյանի նկատմամբ հետապնդումը չունեն իրավական լուրջ հիմքեր և կրում են ավելի շատ քաղաքական բովանդակություն: Նախկինում առկա տարակարծությունների հիմնական պատճառը թերևս հարցի խորքային և ամբողջական ընկալման բացակայությունն էր, այսպես կոչված, հետհեղափոխական հուզականությունը ռացիոնալիզմից տարանջատելու անկարողությունը: Այսօր ունենք այլ իրավիճակ: Մարդիկ սկսել են հրաժարվել հարցի հատվածական դիտարկումներից և փորձում են ավելի խորությամբ պատկերացնել տեղի ունեցածը: 

Օրինակ, եթե հնարավոր լիներ պահպանել Մարտի 1-ի կեսօրին ընդդիմության որոշ անդամների և ոստիկանության միջև ձեռք բերված պայմանավորվախությունը, հանրահավաքի մասնակիցները տեղափոխվեին Մատենադարանի մատույցները, արդյո՞ք հնարավոր չէր լինի խուսափել ողբերգությունից: Ովքե՞ր թույլ չտվեցին հետևել ձեռք բերված այդ պայմանավորվածությունների կատարմանը: Ովքե՞ր են ողբերգության հերթական տարելիցը փորձում շոուի վերածել և ստանալով քաղաքական դիվիդենտներ՝ փորձում ցույց տալ, որ խնդրի պարզաբանումը բացառապես իրավական հարթության վրա է: Ինչո՞ւ են դա անում մարդիկ, ովքեր, ըստ վերջերս ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկության, 2012թ․ մայիսի 15-ին նույն Մարտի 1-ի գործով գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և մերժվել: 

Ստացվում է, որ ՄԻԵԴ-ը մեկ անգամ արդեն Քոչարյանին հասցեագրված մեղադրանքը համարել է չհիմնավորված՝ նշելով, որ նախագահի բոլոր գործողությունները, տրված հանձնարարականները համապատասխանել են 2005թ․ ՀՀ Սահմանադրությամբ վերջինիս հատկացված լիազորություններին: Քննելով նախագահի՝ արտակարգ դրություն հայտարարելու որոշումը՝ անգամ այստեղ ՄԻԵԴ-ը չի արձանագրել, որ այդ իրավական փաստաթուղթը և իրավիճակից թելադրվող որոշումները հակասել են կոնվենցիայի սկզբունքներին և նորմերին: 
Հարց է ծագում՝ ինչո՞ւ Քոչարյանին: Որովհետև առաջիններից մեկն էր, ով նախորդ տարվա ապրիլի վերջերին ռուսական НТВ հեռուստաընկերության եթերում կասկած հայտնեց հայաստանյան իրադարձությունների բովանդակային կողմի վերաբերյալ, ով, շատ չանցած, բարձրաձայնեց քաղաքականություն վերադառնալու իր հավակնությունների մասին, վերջապես, ով միակն է, որը կարող է պայթեցնել բազմաբովանդակ «թավշյա միֆը»: 

Եվ բնական էր, որ Քոչարյանի մեկուսացման խնդիրը պետք է բերվեր իշխանական քաղաքական օրակարգ: Այսքանից հետո, կարծում եմ, պարզ է դառնում, թե ինչու են կազմել 76 հատորանոց մեղադրական նյութեր, որոնց ծանոթանալու համար միայն պահանջվում են ամիսներ: Խնդիրն այն է, որ, շատ լավ իմանալով ՄԻԵԴ-ի հնարավոր որոշման մասին, ամեն կերպ փորձում են խնդիրը «գեղական կարգով» ձգձգել: Ինչո՞ւ, որպեսզի սահմանափակեն Քոչարյանի՝ ներքաղաքական կյանքին ներգրավելու հնարավորություններն այնքան ժամանակ, քանի դեռ հետհեղափոխական քաղաքական վերաձևավորումները «վերջնական» տեսքի չեն բերվե՞լ, քանի դեռ նոր քաղաքական վերադասավորումների ինստիտուցիոնալիզացիան տեղի չի՞ ունեցել, որը, ըստ շոուի կազմակերպիչների, էապես կնվազեցնի Քոչարյանի քաղաքական ազդեցությունը ծավալվող գործընթացների վրա:

ՀԳ. Արդյո՞ք պատահականություն էր, որ 2012 թ․-ի մայիսին Մարտի 1-ի գործով Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատը ՄԻԵԴ-ին զուգադիպել էր նույն թվականի մայիսին Հայաստանում տեղի ունեցած 5-րդ գումարման խորհրդարանական ընտրությունների հետ, որն ընթացել էր միայն թվայալ, արտաքուստ համերաշխության մթնոլորտում, որտեղ ՀԱԿ-ը, ստանալով ընդամենը 7%-ից մի փոքր ավելի քվե, ընդունել էր ընտրությունների արդյունքները և գնացել խորհրդարան… Առջևում նախագահական ընտրություններ էին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել