Երեւանում ընթանում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր ձեւավորված կուսակցության հիմնադիր համագումարը: Քաղաքական կուսակցությունը կկոչվի «Նոր ուժ»:
Բացման խոսքով հանդես եկավ Հայկ Մարությանը, ով, մասնավորապես, նշեց. «2018-ին համաժողովրդական ալիքի վրա տեղի ունեցած հեղափոխությունը ահռելի դրական լիցք եւ բարվոք ապագայի լավատեսություն տվեց ոչ միայն Հայաստանի եւ Սփյուռքի հայերին, այլեւ լեգիտիմության անհրաժեշտ պաշար Արցախի հարցը արժանապատիվ լուծելու համար: Ցավոք 2018-ի էներգիան ներքին ու արտաքին ասպարեզներում իրական եւ եւ անշրջելի արդյունքի վերածելու փոխարեն ընտրեց վայրիվերո եւ անարդյունավետ գործողությունների ճանապարհը՝ կորցնելով արագ ռեֆորմների հնարավորությունը:
Իսկ արտաքին քաղաքականության մեջ անշրջահայաց եւ հախուռն գործողություններով նոր իշխանությունը մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը՝ պատրաստ չլինեով դրան ոչ դիվանագիտական, ոչ ռազմական ճակատում, ինքն ապացուցվեց 44-օրյա պատերազմի օրերին:
Փաստացի Հայաստանի եւ Արցախի համար կենսական կարեւորություն ունեցող վճռական փուլում մենք մնացինք միայնակ՝ չունենալով մեր դաշնակիցների միանշանակ աջակցությունը եւ կորցնելով հակառակորդների հետ արժանապատիվ երկխոսության հնարավորությունները: Իսկ պատերազմի բուն ընթացքում ուժային կառույցներում բարձրագույն ղեկավարության հաճախակի փոփոխությունները, իշխանությունների քաղաքականության անկանխատեսելի վարքը ցույց տվեցին, որ երկրի ռազմաքաղաքական վերնախավը համարժեք չէ ծառացած մարտահրավերների առաջ:
2020-ի ղետներին հաջորդեցին արտաքին հարաբերություններում շարունակական նահանջ եւ ձախողումներ, որոնք իրենց գագաթնակետին հասան 2023-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը բռնի տեղահանության ենթարկեց ԼՂ բնակչությանը: Արցախում հազարամյակներ գոյություն ունեցող հայկական պետականությունն իսպառ ոչնչացվեց:
Հայաստանի գլխին կախված վտանգը շարունակում է սպառնալ պետության կենսունակությանը»:
Նշենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրվել էր Երևանի քաղաքապետ, ապա 2021-ի դեկտեմբերին պաշտոնանկ էր արվել իր թիմի կողմից։ Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացն իշխող թիմը հիմնավորել էր նրա հետ քաղաքական խզմամբ։ Այս տարվա փետրվարի 7-ին էլ Երևանի ավագանին դադարեցրել էր «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով ավագանու անդամ դարձած Մարությանի լիազորությունները՝ բացակայություների հիմնավորմամբ։
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է:
«Նոր ուժ» կուսակցության գաղափարական հենքը սոցիալ-ռեֆորմիզմն է։