ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ համակողմանի մեկուսացման քաղաքականության իրականացման և այդ հարցում տարածաշրջանային որոշ երկրների դիրքորոշման ֆոնին Հայաստանի համար տարբեր ուղղություններում ստեղծվում են հավելյալ հնարավորություններ, որոնց պետք է հավուր պատշաճի արձագանքել:
Որպես ամենաակնհայտ օրինակ՝ Թեհրանի հարցում ամերիկյան ուղեգծին Թբիլիսիի կանխատեսելի, մասամբ նաև Բաքվի հեղհեղուկ դիրքորոշումները, անգամ քայլերն են, որոնք արդեն իսկ իրենց ազդեցությունն են թողնում ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև նշված երկրների վերաբերյալ իրանական հասարկության վերաբերմունքի փոփոխության վրա:
Վերոնշյալը, որոշ այլ օբյեկտիվ հանգամանքների հետ զուգահեռ, դրսևորվում է, ասենք, շարքային իրանցիների՝ զբոսաշրջային նախասիրությունների վրա. օրինակ՝ ընթացիկ տարվա ընթացքում ավելի քան 40%-ով նվազել են իրանցիների այցելությունները Վրաստան:
Այս պայմաններում հայկական կողմի համար, հատկապես Հայաստանի վարչապետի՝ Իրան կատարելիք այցի ֆոնին և իրանական Ամանորին՝ Նովռուզին ընդառաջ, մասնավորապես, բավական լայն հնարավորություններ են ընձեռնվում՝ հավակնելու իրանցի զբոսաշրջիկների ավելի մեծ հոսքերի: Իսկ ինչպես այս, այնպես էլ Հայաստան-Իրան օրակարգի բազմաթիվ այլ եղած ու հնարավոր ուղղություններ երկու բարեկամ երկրներում ձևավորված նոր իրողություններին համապատասխանեցնելու ու նոր շունչ հաղորդելու նաև շարունակական հետևողականություն դրսևորելու անհրաժեշտության առջև ենք կանգնած, որի վերագործարկումը, հուսանք, կտրվի արդեն առաջիկայում: