Lragir.am-ը գրում է.
Տնտեսական հեղափոխությունը դուխով մարդկանց աշխատանք է, ովքեր հավատում են իրենց մտքին ու ուժերին: Այս մասին «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային համաժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմնական հարցը, որն այսօր կախված է օդում, հետևյալն է՝ արդյոք ՀՀ-ում կարո՞ղ է տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն և կարո՞ղ են արդյոք ՀՀ ժողովուրդն ու կառավարությունը հասնել մի էֆեկտի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք: Այս հարցի պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է: Այն ժողովուրդը, որն ի վիճակի է եղել իրականացնել և հասնել մի էֆեկտի, որը մենք լիարժեք կարող ենք համարել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես մեր հասանելիության տիրույթում է»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ տնտեսական հեղափոխությունն ըստ այդմ կառավարության կարևորագույն առաջնահերթությունն է, բայց պետք է հասկանալ՝ որոնք են այդ տնտեսական հեղափոխության պարամետրերը և ինչպես են դրանք ստեղծվում: Տնտեսական հեղափոխության պարամետրերն, ըստ վարչապետի, նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը: Այսինքն՝ տնտեսական հեղափոխության արգասիքն առաջին հերթին բարեկեցության նոր մակարդակն է:
«Բայց ովքե՞ր են ստեղծում այդ ամենը: Եվ ընդհանրապես ո՞վ է տնտեսության մեջ ստեղծվող որևէ արդյունքի հեղինակը: Այդ արդյունքի հեղինակը մարդն է, բացառապես մարդը: Եվ մենք ուզում ենք մարդուն քաջալերել, աջակցել, խրախուսել, որ նա ստեղծի այն, ինչն ստեղծել է իր հնարավորությւոնների տիրույթում: Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում քաջալերել: Խոսքո՞վ, այո, նաև խոսքով, որովհետև, ցավոք սրտի, մեր իրականության մեջ ընդունված է թերագնահատել խոսքը և խոսքի արժեքը: Բայց մենք, որպես առաջինը քրիստոնեությունն ընդունած ժողովուրդ, առաջինը պետք է արձանագրենք քրիստոնեական ճշմարտությունը, որ ի սկզբանե բանն էր: Եվ բանը խոսքն է, ամեն ինչ սկսվում է մտքից ու խոսքից: Բայց արդյոք միայն խոսքո՞վ, իհակե, ոչ: Հաջորդ ամենակարևոր ուղղությունը մեզ համար իրական տնտեսական գործունեության հնարավորություններ ստեղծելն է՝ կարգավորումների մեղմացման ճանապարհով, տնտեսական գործունեության մեջ մենաշնորհների բացառման ճանապարհով, կոռուպցիայի բացառման ճանապարհով և օրենսդրության բարեփոխումների ու կատարելագործման ճանապարհով: Եվ ուզում եմ արձանագրել հետևյալը, որ տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ պայմանականորեն ասած՝ քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի որոշում կայացրեց, որ ինքն իրենով պետք է փակի այն փողոցները, նրբանցքները, որոնցով հոսում են կոռուպցիան, ամենաթողությունը, ապօրինությունը: Տնտեսական հեղափոխության գաղափարախոսությունն, ըստ նրա, հետևյալն է՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ամեն մեկը իր հնարավորությունների չափով պետք է փակի այն փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը, ավերը: Եվ ահա սա է, ըստ վարչապետի, այս մարզային հանդիպումների հիմնական նպատակը:
«Մենք պայմանավորվենք, որ իրար հետ պետք է անենք, որովհետև փոփոխությունների մեթոդաբանությունը շարունակում է մնալ նույնը: Արդյոք սա հե՞շտ է: Իրականում սա հեշտ չէ: Ի վերջո պետք է խոստովանել, որ տնտեսության կոռուպցիոն համակագը երբեմն շատ ավելի մեծ պարզություններ ունի, քան սովորական ազատ մրցակցության համակարգը: Որովհետև, օրինակ, եթե որևէ բիզնես փայ է բարձրաստիճան պաշտոնյայի հետ կամ որևէ բարձրաստիճան պաշտոնյա տանիք է կանգնում այդ բիզնեսին, նշանակում է, որ պատասխանատվությունը կիսված է: Եվ այն ժամանակ, երբ ահազանգ լինի, որ՝ այ, մեր ընդհանուր բիզնեսին ինչ-որ բան սպառնում է, կարելի է հարկայինին հրահանգել, որ իր հետ գործ չունեք, թող հարկ չվճարի: Եթե անհարմար մրցակից է հայտնվել, կարելի է այդ անհարմար մրցակցին շարքից հանել:
Նոր իրավիճակը տարբերվում է սրանով, որ նման ապօրինի երաշխքիներ չկան, և երաշխիքները բոլորի համար նույն մակարդակի վրա են և հավասար: Եվ ամեն մեկն իր բիզնեսի պատասխանատվությունը չի կարող կիսել իշխանության մեջ եղած հովանավորության հետ: Այլ ընդհակառակը, բիզնեսի պատասխանատվությունն իրենն է, իր մտքինը, շնորհքինը: Եվ ինքը պետք է երաշխավորված զգա, որ ահա կառավարությունը և որևէ իշխանական օղակ իր համար ապօրինի և արհեստական խոչընդոտ չի կարող ստեղծել»,- նշեց նա:
Ըստ Փաշինանի՝ տնտեսական հեղափոխության պատասխանատվությունը կարող են կրել իսկապես դուխով մարդիկ, դուխով գործարարները, ովքեր վստահ են իրենց ստեղծարար տաղանդի, աշխատասիրության վրա, ովքեր վստահ են իրենց ազնվության ու սկզբունքայնության վրա, գիտեն, որ տեսակով հաղթող են: «Եվ ուրեմն ուզում եմ ևս մեկ անգամ հռչակել տնտեսական հեղափոխության այն կարգախոսը, որը մի քիչ էլ հումորային ենթատեքստ ստացավ: Եվ ուրմեն՝ հերիք ա, ինչքան նստեցինք տեղներս, հիմա վեր կենանք ու քայլենք»,- հայտարարեց վարչապետը: