Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը հավանություն է տվել Հորդանան գետի Արևմտյան ափին նոր իսրայելական բնակավայրերի կառուցմանը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Ֆինանսների նախարարը հայտարարել է Մաալե Ադումիմի մերձակայքում 3401 և հարևան շրջանում ևս 3515 նոր բնակարան կառուցելու մասին՝ վերսկսելով երկար ժամանակ արգելափակված E1 նախագիծը, որը քննադատները դիտարկում են որպես ռազմավարական արգելք ապագա պաղեստինյան պետության ստեղծման համար», – նշում է Ynet պորտալը։

Հրապարակման մեջ ասվում է, որ «այս քայլն ազդարարում է Արևմտյան ափին Իսրայելի փաստացի ինքնիշխանության ձգտելու մասին»։

E1 նախագիծը շուրջ 12 քառակուսի կիլոմետր տարածք է, որն ընկած է Երուսաղեմի արևելյան մասի և Հորդանան գետի Արևմտյան ափի արաբական Էլ Էզարիա քաղաքի միջև։

Նախագծի նպատակը բնակավայրի կառուցումն է, որը կմիացնի իսրայելական Մաալե Ադումիմի և Երուսաղեմ բնակավայրերը՝ այդպիսով ընդլայնելով Իսրայելի տարածքը Արևելյան Երուսաղեմի շուրջ։

Միջազգային հանրությունը նախագիծը խոչընդոտ է համարում խաղաղության գործընթացի և պաղեստինյան պետության ստեղծման ճանապարհին։

E1 նախագիծը փաստացի սառեցված էր 2010-ական թվականների սկզբից։ 2010 թ. Իսրայելը հայտարարել էր այդ շրջանում շինարարական պլանների մասին, ինչը լուրջ միջազգային արձագանք էր առաջացրել, որի հետևանքով շինարարությունը կասեցվել էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել