Երկխոսության արվեստն այդքան էլ հեշտ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Դուք վստա՞հ եք, որ ճիշտ եք արձագանքում, երբ ձեր ընկերը որոշում է որևէ բան պատմել։ Որոշ մարդիկ, լավը ցանկանալով, ուրիշի խոսքերին այնպես են արձագանքում, որ միանգամից անհետանում է խոսակցությունը շարունակելու ցանկությունը կամ էլ ծայրահեղ դեպքում անձնական թեմաներից խոսելու ցանկությունը։

«Ավելի վատ էլ է լինում»

Այս խոսքերով մարդիկ փորձում են քաջալերել զրուցակցին և ցույց տալ, որ խնդիրն ընդհանրապես մահացու չէ, սակայն սովորաբար այս խոսքերը նյարդայնացնող ազդեցություն են ունենում։ Այս արտահայտությունը գնահատական է տալիս՝ դուք զրուցակցին հասկացնում եք, որ իր իրավիճակն արժանի չէ քննարկման։

Իրավիճակն ավելի է բարդանում, երբ դուք որոշում եք օրինակ բերել և հիշում եք, թե ինչպես է ձեր ծանոթը գլուխ հանել ավելի բարդ իրավիճակից։ Այս իրավիճակում մարդն իրեն հիմար է զգում, քանի որ չի կարող լուծել այսպիսի մանրունքը։ Եվ, վերջիվերջո, նա կփակվի ձեզնից։

Խորհուրդ։ Ավելի լավ է ուշադրություն դարձնել իրավիճակի դրական կողմերի վրա։ Օրինակ, եթե ձեր ընկերը կորցրել է իր դրամապանակը, տարբեր պատմություններ պատմելու փոխարեն կարելի է ուրախացնել նրան, որ ինքը հացրել է արգելափակել իր բանկային հաշիվը։

«Ժամանակը բուժում է»

Քչերին են դուր գալիս «ժամանակը կբուժի» կամ «ոչինչ, դա էլ կանցնի» արտահայտությունները։ Հնարավոր է, ձեզ թվում է, որ դուք իմաստուն միտք եք արտահայտում, սակայն զրուցակիցն ավելի շուտ մտածում է, որ դուք իրեն լավ չեք լսել, և պատմությունը ձեզ այնքան չի հետաքրքրում, որ դուք անգամ չեք ցանկանում ժամանակ ծախսել պատասխան մտածելու համար։

Խորհուրդ։ Կենդանի երկխոսության ժամանակ ամենաճիշտը սեփական մտքերի օգտագործումն է։ Հնարավոր է, որ դուք փիլիսոփաների և գրողների պես ճարտար չեք մտքեր արտահայտելիս, բայց ձեր զրուցակցի համար ավելի կարևոր են էմոցիոնալ վերաբերմունքը և աջակցությունը, այլ ոչ թե թեկուզ և իմաստուն, բայց չոր մտքերը։

«Ոչինչ չի կարելի անել»

Իսկապես կան երևույթներ, որոնք հնարավոր չէ փոխել, նրանց հետ պետք է համակերպվել։ Սակայն եթե մարդը պատմում է իր խնդրի մասին՝ նշանակում է, որ պատրաստ չէ համակերպվել։ Եթե զրուցակիցը պատմում է իր խնդրի մասին, ապա պետք չէ ասել «մոռացիր, ոչինչ չես կարող անել»։ Զրուցակիը շատ լավ գիտի, թե ինչ է հարկավոր անել։ Նրա խնդիրն այն է, որ նա դեռևս չի կարող անել դա։ Իսկ նմանատիպ «իմաստուն» խորհուրդները միայն կարող են նյարդայնացնել։

Խորհուրդ։ Եթե դուք հասկանում եք, որ մարդու խնդիրը հնարավոր չէ լուծել, պետք չէ նրան միանգամից ասել դա։ Ավելի լավ է փորձեք նրա ուշադրությունը տեղափոխել այլ հարցերի վրա. հրավիրեք որևէ միջոցառման կամ փոխեք թեման և ինքներդ պատմեք որևէ հետաքրքիր պատմություն։

«Դա քո մեղքն է»

Իհարկե, ուղիղ տեքստով շատ հազվադեպ են նման բան ասում։ Սակայն այս արտահայտության իմաստը մենք փոխանցում ենք տարբեր այլ արտահայտությունների միջոցով։ «Ես քեզ ասում էի, որ այդպես է լինելու», «Ինչի՞ մասին էիր մտածում» և նմանատիպ այլ արտահայտություններն ուշադրությունը խնդրից տեղափոխում են մարդու վրա՝ նրա մոտ մեղքի զգացում առաջացնելով։

Խորհուրդ։ Եթե դուք խնդիրը լուծելու ցանկություն և հնարավորություն ունեք,առաջարկեք ինչպես դա անել։ Միայն սրանից հետո կարելի է քննարկել, թե ապագում ինչպես է պետք խուսափել նմանատիպ խնդիրներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել