Armenpress.am-ը գրում է.

ՀՀ կառավարության որոշմամբ 2019 թվականի մարտի 31-ից կդադարեցվի Ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի» գործունեությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ փոխարենը այդ գործառույթով վարչություն կգործի ֆինանսների նախարարության կազմում:

«Նախագծի մշակումը պայմանավորված է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության ապահովման անհրաժեշտությամբ: Այսօր գործում են տարատեսակ հիմնադրամներ, ոչ առևտրային կազմակերպություններ, ծրագրի իրականացման գրասենյակներ, որոնք վերածվել են պետական կառավարման ապարատին զուգահեռ պետական կառավարում իրականացնող կառույցների: Հիմա խնդիր է դրվել ֆինանսների մաքսիսում համախմբում իրականացնելու»,-ասաց Ջանջուղազյանը:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նկատեց, որ նոյեմբերին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը նամակով իր մտահոգություններն է հայտնել «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի» փակվելու առիթով:

Այս առնչությամբ Ջանջուղազյանը նշեց, որ իրենց նամակով պատասխանել են ու պարզաբանումներ են ներկայացրել: Նրա խոսքով՝ այդ կենտրոնի աշխատակիցները Ֆինանսների նախարարություն են տեղափոխվելու և անելու են նույն աշխատանքն ու լրացուցիչ այլ աշխատանքներ:

«ՀԲ-ն կարծում է, որ իրավական խնդիր է առաջանալու և պետք է փոփոխություններ առաջացնի միջազգային համաձայնագրերում: Մենք կարծում ենք, որ չի առաջացնելու, բայց եթե անգամ առաջացնի, պետք է գնալ այդ ճանապարհով, քանի որ այս համաձայնագրի սեփականատերը ոչ թե ՀԲ-ն է, այլ ՀՀ կառավարությունն է»,- ասաց Ջանջուղազյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել