Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Մարտի 1-ի» գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին քննչական մարմնի միջնորդությունը: Վահագն Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ: Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից: 
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել էր, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա, ինչպես նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: 

ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»: 

«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանը հայտարարել էր, որ թե՛ իր նկատմամբ հայտարարված հետախուզումն է ապօրինի, թե՛ առաջադրված մեղադրանքն է ապօրինի և շինծու։ 
«Ոչ միայն հետախուզումը, էդ մեղադրանքը, էդ ամբողջը, որ ասեմ ապօրինի՝ երևի թե ոչ մի բան չեմ ասի։ Այդ մեղադրանքը՝ անհիմն, ապօրինի, շինծու և, չգիտեմ, երևակայություն, շատ մեծ երևակայություն է պետք ունենալ՝ նման եզրահանգումներ անելու:

Չեմ մտածում, ես համոզված եմ, տեսնում եմ, որովհետև կարդում եմ, ես չգիտեմ՝ ո՞նց կարա տենց բան լինի... Ես մեղադրանքին չեմ ուզում․․․ Կանդրադառնամ, ես նաև ձեզ վստահեցնում եմ և հանրությանը, որ կարճ ժամանակ հետո, երբ որ հնարավորություն կունենանք իրապես մեղադրանքի որոշմանը ծանոթանալու․․․ Ես չգիտեմ՝ մամուլում ինչ ծավալով է այն տեղադրված՝ ամբողջությա՞մբ, թե՞ չէ, և դրա հիմքում ինչեր կան, այսինքն՝ էն թույլատրելի փաստաթղթերը, որոնք մեզ կտրամադրվեն, ինչը հիմք է տվել նախաքննական մարմնին նման հիվանդագին ենթադրություններ անելու։ Էդ բոլորին ծանոթանալուց հետո առավել փաստարկված կներկայացվի, և բոլորդ կհամոզվեք, որ էդ մեղադրանքն ուղղակի ոչ թե չկա, չի էլ կարող լինել», - ասել էր «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել