ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2024 թվականի ապրիլի 23-ին ժամը 11:00-ի, 12։10-ի, ապա նաև 15։50-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում, ճանապարհի փակման իրականացվող ակցիաների շրջանակներում, մի խումբ անձանց մասնակցությամբ առերևույթ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև գույքի վնասման և ֆիզիկական ներգործության առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Իրականացված քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցավոր արարքներ կատարած մի խումբ անձանց ինքնությունը, ինչպես նաև՝ վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք կոնկրետ հանգամանքներ։
Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Տավուշի մարզում իրականացվող ակցիաների շրջանակներում բազմաթիվ անձինք 2024թ. ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, տևական ժամանակ արգելափակել են միջպետական ճանապարհահատվածը՝ խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը։ Դրա հետ կապված նշված տարածք են եկել 54-ամյա Յ․ Հ․-ն և և 31-ամյա Հ․ Կ․-ն։ Յ․ Հ․-ի և ճանապարհն արգելափակած անձանցից Ք․ Ա․-ի միջև վեճ է սկսվել ճանապարհը բացելու հարցի շուրջ։ Ք․ Ա․-ն, նրա որդին՝ Վ․ Ա․-ն և այլ անձինք, իրենց անձի ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, իր հետ վիճողների և այլ ներկաների մոտ վախ առաջացնելու նպատակով, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքով թույլ են տվել խուլիգանական արարքներ, որոնց ընթացքում Ք․Ա․-ն հարվածել է Յ․ Հ․-ին և ստիպել հեռանալ այդտեղից:
Այնուհետև՝ ժամը 12:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Երևանյան փողոցում ճանապարհը փակած քաղաքացիներին իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է Ռ․ Ս․-ն՝ փորձելով անցնել այդ հատվածով, սակայն հավաքվածները թույլ չեն տվել առաջ ընթանալ, իսկ Ք․ Ա․-ն, իր անձի առավելությունները հերթական անգամ ցույց տալու նպատակով, հարակից տարածքից վերցրել է փայտ և հարվածել հիշյալ ավտոմեքենային՝ ստիպելով վերջինիս հետընթաց կատարելով հեռանալ այդտեղից:
Նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Յ․ Հ․-ն մեկ այլ անձի՝ Կ․ Մ․-ի և չպարզված այլ անձանց հետ, իրենց առավելություններն ընդգծելու նպատակով գնացել են Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում հավաքված՝ ճանապարհը փակած անձանց մոտ, մոտեցել Ս․ Ա․-ին և իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, սկսել են հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել Ս․ Ա․-ի և նրա կողմնակիցների հասցեին: Դրանից հետո երկու կողմերը սկսել են քաշքշել միմյանց, հայհոյանքներ հնչեցնել՝ արհամարհելով տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները:
Խուլիգանական գործողությունները դադարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների միջամտության արդյունքում:
Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ նկարագրված առերևույթ խուլիգանությանը մասնակցած՝ ինքնությունը պարզված 6 անձանց՝ մասնավորապես՝ մի կողմից Յ․ Հ․-ի, Կ․Մ․-ի, Հ․Կ․-ի, մյուս կողմից՝ Ք․Ա․-ի, Վ․Ա․-ի և Ս․Ա․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալել նշված 6 անձանց։ Արդյունքում, նրանցից 5-ը՝ Կ․Մ․-ն, Հ․Կ․-ն, ինչպես նաև Ք․Ա․-ն, Վ․Ա․-ն և Ս․Ա․-ն ապրիլի 27-ից-28-ին ձերբակալվել են։
Նրանց ներկայացվել է մեղադրանք։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանցից 4-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ Կ․Մ․-ն, Հ․Կ․-ն և Վ․Ա․-ն կալանավորվել են, իսկ Ս․Ա․-ի նկատմամբ ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն՝ համակցված գրավի և բացակայելու արգելքի հետ։ Դատարան միջնորդություն է ներկայացվել նաև ձերբակալված Ք․Ա․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է, անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվում են՝ առերևույթ խուլիգանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու, բոլորի արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: