Երևանի արտահերթ ընտրություններին իմ թեկնածության հարցը վերջին օրերին մամուլը շատ արծարծեց։
Մենք հայտարարել ենք, որ մեզ մոտ, այո՛, ինչպես հարիր է ժողովրդավարական քաղաքական ուժին, անցկացվում են ներքին քննարկումներ ամենատարբեր ձևաչափերով։
Ինքնին մեծ պատիվ ու պատասխանատվություն է Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու գործընթացի կենտրոնում գտնվելը, սակայն ես թիմային մարդ եմ և քանիցս հայտարարել եմ, որ կոլեգիալ որոշում պահանջող ցանկացած հարցի ժամանակ անքննարկելի է լինելու թիմի որոշումը։
Շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ ինձ ՝ որպես Երևանի քաղաքապետի Ձեր թեկնածուն ցանկանալու հազարավոր զանգերի ու գրառումների համար։
Դա ոգևորիչ է ցանկացած երևանցու համար։
Առջևում մեզ սպասվում են վերջին երկու տասնամյակների համար աննախադեպ ընտրություններ, որտեղ բոլորս միասին պետք է անենք ամենը, որպեսզի բացառվի ուժի, վարչական լծակների և այլ չարաբաստիկ ավանդույթ դարձած գործիքակազմի կիրառումը։
Մեր քաղաքական թիմի որոշմամբ այս ժամանակահատվածում շարունակելու եմ ԲՀԿ փոխնապագահի և «Ծառուկյան» դաշինքի Ազգային ժողովի 30 պատգամավորների քվեարկությամբ խմբակցության քարտուղարի՝ համապատասխան գործառույթներով պայմանավորված գերպատասխանատու աշխատանքները։
Ինչպես նախկինում, շարունակելու եմ բարձրացնել Երևանի 12 վարչական շրջաններում առկա խնդիրները՝ օրենսդիր մարմնի ուշադրության կենտրոնում պահելով իրացված տարածքների, վթարային շենքերի և հրատապ լուծում պահանջող մնացյալ խնդիրները։
Վճռական ենք և սատարելու ենք սպասվող ընտրությունների մեր քաղաքական թիմի թեկնածուներին և վստահ եմ, որ միասին հաջողելու ենք ու վերջապես տեսնելու ենք մեր պատկերացրած Երևանը։