Հուլիսի 1-ին Ադրբեջանի Ջաբրայիլի շրջանի Չոջուխ Մարջանլի գյուղում տեղի ունեցավ «Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն Ադրբեջանն է» թեմայով խորհրդաժողովը, որին մասնակցում էին «Իզբորյան» ակումբի և Միջազգային եվրասիական շարժման ներկայացուցիչները՝ բացահայտ ադրբեջանամետ գործիչներ Ալեքսանդր Դուգինը, լրագրող Մաքսիմ Շևչենկոն, Պետդումայի պատգամավորներ Դմիտրի Սավելևը, Ալեքսեյ Եզուբովը, քաղաքագետ Եվգենի Բախրևսկին և այլք: Քիչ չէ, որ այս գործիչները խորհրդաժողովում աչքի ընկան ապակառուցողական հայտարարություններով, նաև այցելեցին Լելե Թեփեի բարձունք ու հակահայկական հարցազրույցներ տվեցին խրամատներում՝ ընդգծելով, թե Ադրբեջանն իրավունք ունի վերադարձնելու Արցախը:
Ադրբեջանն այս գործիչներին փորձեց օգտագործել մի քանի ուղղություններով՝ առաջին հերթին նպատակ հետապնդելով նրանց հայտարարությունները ներկայացնել որպես պաշտոնական Մոսկվայի տեսակետ: Դա պետք է ընկալվեր որպես Կրեմլի կողմից անմիջական աջակություն Ադրբեջանին Արցախի դեմ ագրեսիա սանձազերծելու հարցում՝ հաշվի առնելով, որ այն տեղի է ունենում այս օրերին Բաքվի նախաձեռնած լայնամասշտաբ զորավարժությունների ֆոնին: Իսկ մյուս կողմից Բաքուն ձգտում էր ապահովել քարոզչական էֆեկտ, որը Հայաստանում և Արցախում կհանգեցներ հակառուսական տրամադրությունների բորբոքմանը:
Չնայած որ Ադրբեջանին հաջողվեց շրջանառության մեջ դնել նշված գործիչներից կորզած կողմնակալ հայտարարությունները, սակայն Բաքվի ակնկալած արդյունքները չստացվեցին: Քարոզչական հնարքը հօդս ցնդեց հատկապես այն ժամանակ, երբ դրան հետևեց ռուսական իշխանական շրջանակներին մոտիկ և իրավիճակը սթափ գնահատող գործիչների արձագանքը:
Ռուսաստանցի ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Եվսեևը հայտարարեց, որ ռուսաստանյան պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցն ունեցել է մասնավոր բնույթ և չի արտահայտում Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումը: Ավելին՝ նա հատուկ առանձնացրեց այն փաստը, որ գործող միջազգային փաստաթղթերին համապատասխան՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը Հայաստանն է: Իսկ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, մտահոգիչ համարելով Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը, առաջ քաշեց այն թեզը, որ Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները չպետք է ուղղված լինեն Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դաշնակցային պարտավորություններին դեմ: