Նախօրեին զանգվածային բողոքի ակցիաներից հետո հրաժարական տվեց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին` իր քայլը բացատրելով Բիձինա Իվանիշվիլու հետ տարաձայնություններով: Թբիլիսիում մայիսի վերջից չեն խաղաղվում բողոքներն ու միտինգները` անցած տարեվերջին դեռահասների սպանության արդար հետաքննության պահանջով: Բողոքողները, նրանց հետ և սպանվածների հարազատներն ու ընդդիմադիր կուսակցությունները պահանջում էին սպանության մեղավորներին պատժել և վարչապետի հրաժարականը: Գլխավոր դատախազն արդեն հրաժարական էր տվել: 50-ամյա Կվիրիկաշվիլին, ում համարում էին Իվանիշվիլու դրածոն, վարչապետ էր 2015-ից: Նրա հրաժարականով, Վրաստանի Սահմանադրության համաձայն, հրաժարական է տալիս և կառավարությունը: Իշխող կուսակցությունը յոթ օրում պետք է նախագահին ներկայացնի կառավարության նոր կազմը: Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պետք է յոթ օրում նախարարների նոր կաբինետը ներկայացնի խորհրդարանի հաստատմանը:
2017-ի դեկտեմբերին Թբիլիսիում սպանվեցին 16 տարեկան դպրոցականներ Դավիթ Սարալիձեն ու Լևան Դադունաշվիլին: Դաժան սպանությունը քաղաքի կենտրոնում մեծ արձագանք ստացավ Վրաստանում, և կես տարի բողոքները չեն դադարում: Մեղադրյալների աթոռին իբրև սպանության կասկածյալներ հայտնվեցին երկու անչափահասներ: Դատախազությունը մեղադրեց նրանց Սարալիձեի խմբակային, իսկ մեկին` Դադունաշվիլու սպանության մեջ: Մայիսի 31-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը կասկածյալներից մեկին մեղավոր ճանաչեց Դադունաշվիլու կանխամտածված սպանության մեջ: Երկրորդ մեղադրյալի հանցանքը դատարանը վերաորակավորեց` ճանաչելով ոչ թե սպանության մեջ մեղավոր, այլ կանխամտածված սպանության փորձի: Երկուսն էլ անմեղ ճանաչվեցին Սարալիձեի խմբային սպանության մեջ: Դատավճռի հրապարակումը զայրույթի ալիք հարուցեց դատարանի դահլիճում ու սպանվածներից մեկի` Դավիթ Սարալիձեի հոր` Զազա Սարալիձեի ընդվզումը, որ մինչ այդ դատախազությանը մեղադրել էր ոչ օբյեկտիվ հետաքննության մեջ: Հունիսին հանրահավաքները շարունակվեցին, և գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրաժարական տվեց: Բողոքավորները չցրվեցին, այլ շարժվեցին դեպի խորհրդարանի շենք:
Կվիրիկաշվիլին փորձեց նրանց հետ հանդիպել ու նրա վրա շշեր նետվեցին «Հեռացիր» կոչերով: «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ երեքշաբթի նախկին վարչապետ ու «Վրացական երազանքի» ղեկավար Բիձինա Իվանիշվիլին կոշտ քննադատել է կառավարության գործունեությունը և պահանջել վարչապետի հրաժարականը, բայց մերժում է ստացել: Վրաստանի ամենահարուստ մարդը` 62-ամյա բիզնեսմեն Բիձինա Իվանիշվիլին, 2012-2013-ին գլխավորում էր կառավարությունը, իսկ հետո հեռացավ քաղաքականությունից: Շատ փորձագետներ ասում էին, որ նախկին վարչապետը շարունակում է վերահսկել իշխանության իրական լծակները: «Վրացական երազանքը» 2012-ին խորհրդարանական ընտրություններում հաղթեց Միխեիլ Սաակաշվիլու կուսակցությանը, հաղթեց նաև 2016-ին: Այս տարվա գարնանը Բիձինա Իվանիշվիլին վերադարձավ քաղաքականություն և գլխավորեց իր հիմնադրած «Վրացական քաղաքականություն» կուսակցությունը:
Ամենայն հավանականությամբ, հենց «Վրացական քաղաքականությունը» կհաղթի 2020-ի խորհրդարանական ընտրություններում, որից հետո Բիձինա Իվանիշվիլին նորից կնշանակվի վարչապետ` ձեռքում պահելով նաև «Վրացական երազանքը», որ նրան հնարավորություն կտա կոալիցիոն կառավարություն կազմելու ու մեծամասնություն ստանալու խորհրդարանում` փակելով ընդդիմադիր կուսակցությունների մուտքը խորհրդարան: Չի բացառվում, որ հիմա հենց Իվանիշվիլին ստանձնի վարչապետի պաշտոնը, թեպետ առավել հավանական է, որ Վրաստանի վարչապետ նշանակվի նրա հավատարիմներից ևս մեկը: Տարածաշրջանում հրաժարականների ալիքը շարունակվում է, առայժմ միայն բռնապետություններն են դիմադրում` ապրիլի 11-ին Իլհամ Ալիևն արտահերթ ընտրություններում ինքն իրեն նորից նախագահ նշանակեց, հունիսի 24-ին նույնը կանի Ռեջեփ Թայիբ Էրդողանը Թուրքիայում: