Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ հունիսին ծրագրված հանդիպումը, այնուամենայնիվ, կկայանա: Սպիտակ տունն ասել է, որ նախագահ Թրամփը պատրաստ է մեկնել Սինգապուր, որտեղ հունիսի 12-ին պետք է կայանա երկու ղեկավարների հանդիպումը:
Չորեքշաբթի օրը Հյուսիսային Կորեան հրապարակեց զայրալից հայտարարություն, որ հանդիպումը չի կայանա, եթե ԱՄՆ-ը շարունակի պնդել, որ Հյուսիսային Կորեան միակողմանի հրաժարվի միջուկային զենքից: Ըստ Սպիտակ տան դիրքորոշման` ԱՄՆ-ը նախկինի պես պնդում է, որ Հյուսիսային Կորեան պետք է հրաժարվի միջուկային զենքից: Երկու ղեկավարների աննախադեպ հանդիպման համաձայնությունը ձեռք էր բերվել, երբ Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ ուզում է Կորեական թերակղզին տեսնել առանց միջուկային զենքի: Առայժմ հայտնի չէ` ինչ է այդ հայտարարությունը գործնականում նշանակում, բայց Փհենյանը հրավիրել է միջազգային մամուլին ներկա գտնվել իր հիմնական միջուկային փորձակայանի քանդվելուն մայիսի վերջին:
Ո՞րն էր Հս. Կորեայի կտրուկ զայրույթի պատճառը: Պետական ԶԼՄ-ների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Փհենյանը մեծ հույսեր էր կապում այդ հանդիպման հետ, բայց «խորապես հիասթափված են» ԱՄՆ-ի՝ վերջերս հնչած չմտածված հայտարարություններից: Հայտարարության մեջ անձամբ հիշատակվում է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի անունը:
Անցած կիրակի հեռուստահարցազրույցում Բոլթոնն ասել է, որ Հս. Կորեան կարող է գնալ Լիբիայի ճանապարհով, որը համաձայնեց միջազգային ստուգման` ապացուցելու համար լիակատար հրաժարումը միջուկային ծրագրից: Նման հայտարարություններն անհանգստացնում են Փհենյանին, քանի որ Հյուսիսային Կորեան տեսել է, որ միջուկային ծրագրից հրաժարվելուց մի քանի տարի հետո Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիին սպանեցին ապստամբները, որ ունեին Արևմուտքի աջակցությունը: Երբ Փհենյանը հրապարակեց իր հայտարարությունը, Ջոն Բոլթոնը Fox-ին ասել էր, որ իր կարծիքով` հանդիպումը, այնուամենայնիվ, կկայանա: Հս. Կորեան տարիներ է ծախսել միջուկային զենքի ստեղծման վրա, որ ապահովի իր վարչակարգի գոյությունը, ուստի Փհենյանի միջուկային ծրագրի դադարեցման համեմատությունը Լիբիայում կամ Իրաքում կատարվածի հետ, որ արել է Բոլթոնը, հաստատ վստահություն չի հաղորդի Փհենյանի վարչակարգին: Ե՛վ Լիբիայում, և՛ Իրաքում իշխանությունները վերացվեցին:
Հս. Կորեայի հայտարարությունը պետք է դիտարկել նաև իբրև զգուշացում Թրամփի վարչակարգին: Փհենյանը գիտի` որքան է Դոնալդ Թրամփը ցանկանում, որ այդ հանդիպումը կայանա, բայց և՛ նա, և՛ նրա վարչակարգը հայտարարում են, որ հանդիպման առաջարկը Փհենյանի կողմից Հյուսիսային Կորեայի վրա առավելագույն ճնշման արդյունք է: Ակնհայտ է, որ նման խոսքերը Փհենյանի նյարդայնությունն են հարուցում:
Հյուսիսային Կորեան ցանկանում է, որ ամբողջ աշխարհը տեսնի` ԿԺԴՀ բանակցությունների սեղանի շուրջ է նստում ուժի դիրքերից, բայց զգուշանում է, որ ստիպված է զիջումների գնալ: Հս. Կորեան արդեն սառեցրել է բալիստիկ հրթիռների փորձարկումները, ազատել է ԱՄՆ 3 քաղաքացիների, որ բանտարկված էին ԿԺԴՀ-ում, բացի այդ` Կիմ Չեն Ինը հանդիպել է Հվ. Կորեայի նախագահի հետ, որից հետո հայտարարել է իր միջուկային փորձակայանի ապամոնտաժման մասին: Իհարկե, հյուսիսկորացիներին բոլորովին դուր չի գալիս, որ Թրամփի վարչակազմն իրեն է վերագրում այդ լիցքաթափման առանցքային դերը: Հս. Կորեան հստակ հասկացնում է, որ պատրաստ է հրաժարվել հանդիպումից, եթե Վաշինգտոնից չլսի ավելի բարեկամական հայտարարություններ:
«Եթե ԱՄՆ-ը փորձի մեզ անկյուն քշել, որ պարտադրի միակողմանի հրաժարվել միջուկային ծրագրից, մեզ այդ երկխոսությունը չի հետաքրքում»,- նշված է հայտարարության մեջ, որ ստորագրել է Հս.Կորեայի ԱԳ փոխնախարարը, որ մեծ ազդեցություն ունի հյուսիսկորեական ղեկավարության վրա և անցյալում մասնակցել է ԱՄՆ-ի հետ բանակցություններին: Հայտարարության հրապարակումից մի քանի ժամ առաջ Հս.Կորեան բեկանեց Հվ. Կորեայի ներկայացուցչի հետ բարձրամակարդակ հանդիպումը, որովհետև Փհենյանը դժգոհ է համատեղ հարավկորեական-ամերիկյան զորավարժություններից:
Ինչո՞վ Ջոն Բոլթոնը դուր չի գալիս Փհենյանին: Բոլթոնը պահպանողական է և կոշտ գծի կողմնակից, որ մշտապես կողմնակից է ԱՄՆ հզորության ցուցադրությանը, նաև` արտասահմանում ուժի կիրառմանը: Անցյալում նա ասում էր, որ կանխարգելիչ հարվածը Հս. Կորեային «լիովին օրինական է»:
Ամփոփելով հավելենք` Կիմ Չեն Ինը չի կարող չմտահոգվել, որ մեկ տարի կամ ավելի քիչ ժամանակ անց Դոնալդ Թրամփը չի հայտարարի, որ Հս. Կորեայի հետ կնքված համաձայնագիրը «սարսափելի է» ու պետք է վերանայվի, ինչպես Իրանի միջուկային համաձայնագրի դեպքում է: Եվ Ջոն Բոլթոնի հայտարարությունները լավագույն պատրվակն են, որից կառչելով Կիմ Չեն Ինն ուղղակի պարտավոր է ԱՄՆ-ից հավաստիացումներ ու երաշխիքներ ստանալ հանդիպումից առաջ: