Նոր ձևավորվող կառավարության փորձությունների մասին խոսելով՝ դիտարկենք ևս մի քանի ռիսկային հանգամանքներ:
Բավականին հատկանշական է, թե ի՞նչ հարաբերություններ են ստեղծվելու հայ օլիգարխների ու կառավարության միջև․ մրցակցային դաշտը օրենքներով ու հրամաններով չի ստեղծվում, քվոտաների չարաբաստիկ մեխանիզմը վերացնելու ի՞նչ լծակ կա Նիկոլ Փաշինյանի տրամադրության տակ: Սպիտակ դաշտ գալու համար ի՞նչ երաշխիքներ ու դրդապատճառներ ունեն օլիգարխները: Կերակրատաշտը վերացնելու ու հարկերը պետբյուջե մուտք անելու համար հայտարարել մահ կոռուպցիային ու հովանավորչությանը՝ քիչ է: Ակնհայտորեն` սպիտակ դաշտում գործելով՝ օլիգարխները կորցնելու են եկամուտներն ու դիմադրելու են օրինական ունեզրկմանը: Ու ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այդ դեպքում:
Նոր կառավարության ու ցանկացած կառավարության հաջողության համար բյուջեում պիտի փող լինի: ՀՀ բյուջեում պետական պարտքն է ու 7 տոկոսանոց աճը, որի իրական լինելն արդարացի կասկածի տեղիք է տալիս: Աշխարհի մեծագույն տնտեսագետներն էլ Հայաստան գան իրենց դարակազմիկ ու աշխարհափրկիչ ծրագրերով, տնտեսության կառուցվածքը պիտի փոխվի, արդյունաբերությունը պիտի վերականգնվի, արտահանման կառուցվածքը պիտի փոխվի, հումքի փոխարեն ապրանքը պիտի գերակշռի արտահանման մեջ: Միայն այդպես կարող են աշխատատեղեր ստեղծվել: Արտադրության վերականգնումը նոր տեխնոլոգիաներ ու ներդրումներ է պահանջում, նոր կադրեր: Այս արտաքին քաղաքականության պարագայում չի ունենա նվազագույնը մեկ տասնամյակ:
Լրջագույն մարտահրավեր է շարունակում մնալ Լեռնային Ղարաբաղի հարցը. անկախ պետականության հաստատման սկզբից այն օրակարգային է և թելադրում է անվտանգության ապահովման իր պայմանները, հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Փաշինյանի կառավարությունն ունի երկու ճանապարհ` կա՛մ հնարավորինս հետաձգել հարցի լուծումը` սառեցնելով դիվանագիտական ճանապարհով, կա՛մ գնալ լուծման` մադրիդյան սկզբունքներով: Ցավոտ ու դժվար լուծման: Առկա է նաև երրորդ ճանապարհը` ելնելով քաղաքական փոփոխություններից՝ առաջարկել բոլորովին նոր սկզբունքներ ու նոր լուծում: Դատելով Ստեփանակերտում մամլո ասուլիսում հնչած տեսակետներից` Նիկոլը երրորդ ճանապարհին պատրաստ չէ ու գնալու է առաջին ճանապարհով, իսկ դա նշանակում է եղած վիճակի շարունակում` սահմանային մշտական սադրանքներով ու պատերազմի վերսկսման մշտական վտանգով:
Օրերս Փաշինյանն արդեն խորհրդակցություն է հրավիրել նոր կառավարության հետ ու նրանց առաջին հանձնարարականները տվել` անցնել աշխատանքի, ծանոթանալ ընթացիկ վիճակին, ընդհանրապես ժամանակ չկորցնել․ կան օպերատիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է ժամ առաջ լուծել:
Ինչպես ընդունված է ասել, վիճակը նետված է, մնում է հասկանալ, թե ինչ դիրքով և ինչ քաշով է պատրաստվում բարձրացնել ծանրաձողը հերթական կառավարարությունը: