Նախօրեին մեկնարկեց վարչապետ Կարապետյանի աշխատանքային այցը Շվեյցարիա: Դավոսի տնտեսական համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Շվեյցարիա մեկնելուց առաջ նա հարցազրույց էր տվել ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, որտեղ խոսելով ռուսաստանցի ներդրողների համար ՀՀ տնտեսական գրավչության մասին, հայտարարել է, որ ամեն ինչ անում են ներդրողի համար հարմարավետ պայման ստեղծելու ուղղությամբ, և ներկայումս Հայաստանում ներդրում անելու ամենալավ ժամանակն է:
Կ. Կարապետյանի այցը Դավոս նրա առաջին եվրոպական այցն է վարչապետության արդեն գրեթե մեկուկես տարվա ընթացքում: Այցն իհարկե ուշագրավ է, հատկապես նկատի առնելով հանգամանքը, որ գրեթե զուգահեռ էլ Սերժ Սարգսյանն է այցելել Եվրոպա, որտեղ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից բացի, ելույթ է ունենալու նաև ԵԽԽՎ-ում:
Եթե նույնիսկ ընդունենք, որ Կարեն Կարապետյանը նպատակ ունի անձամբ երաշխավորել ներդրումների արդյունավետությունը, ապա վարչապետի խոսքը քաղաքական տեսանկյունից խոցելի է, որովհետև տակավին պարզ չէ, թե ընդամենը երկու ամիս հետո ինչ քաղաքական կարգավիճակ է ունենալու Կարապետյանը: Նրա ինքնավստահության հիմքում ոչ թե իրականություն դարձած բարեփոխումներն են կամ տնտեսության առողջացումը, այլ` PR-ը, որի կարևոր բաղադրիչը ներդրումային խոստումներն են:
Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ կառավարության կողմից նախանշված բոլոր ծրագրերի մուլտիպլիկատիվ էֆեկտը կարտահայտվի աստիճանաբար և սոցիալական ու տնտեսական փոփոխություններին նոր դրական ազդակ կհաղորդի, ինչպես նաև կամրապնդի Հայաստանի հեղինակությունը միջազգային հարթակներում որպես երկրի, որտեղ հարմար է ապրել, հանգստանալ և բիզնես իրականացնել: Իրականում, սակայն, նա խոսել է խոշոր տապալումների վրա հիմնված ներդրումային փուչիկի մասին, որն իրականում գոյություն չունի:
Գործադիրի ղեկավարի հայտարարած հաջորդ ներդրումային «հսկան»՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, որը ևս վարկային միջոցներով է կառուցվում, անգամ շատ մեծ ցանկության դեպքում չի կարելի հաջողված համարել: Նորակառույց ճանապարհը, որը միջազգային բոլոր ստանդարտներին արժեքով գերազանցել է, արդեն տեղ-տեղ քայքայված է: Առանձին հատվածներում Հյուսիս-հարավ ճանապարհի 1 մետր քառակուսու արժեքը հասնում է մինչև 1000 դոլարի, որը չլսված գին է:
Եթե խոսում ենք ՀՀ բիզնես գրավչությունից և նոր ինվեստորներ ներգրավելու մասին է բարձրաձայնվում, ապա այստեղ այդ դրույթին ուղղակի հակասում է ՀՀ հարկային նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել աս տարվա հունվարից, որ բիզնես շրջանակներում լուրջ դժգոհության տեղիք է տվել: Բոլոր ներդրողները խիստ դժգոհ են նոր շահաբաժինների հարկից, որը նոր հարկատեսակ է և ենթադրում է սեփականատիրոջ ստացած զուտ եկամուտից 5 տոկոս գանձելու հոգուտ բյուջեի: Արդեն անգամ իշխող մեծամասնության առանձին պատգամավորներ խոսում են ՀՕ-ի փոխելու անհրաժեշտության մասին:
Կարապետյանի խոսքը հավատ չի ներշնչում նաև նրա կորպորատիվ պատկանելության հետևանքով, որովհետև արևմտյան աշխարհում «Գազպրոմը» նույնանում է մենաշնորհի ու կոռուպցիայի հետ: Իսկ, որ նրա անձն ուղղակի ասոցացվում է գազային այդ հսկայի հետ` փաստ է:
Վարչապետի հայտարարությունը՝ կապված ներդրումների լավագույն ժամանակի վերաբերյալ, որոշակի հակասության մեջ է անորոշության խանգարող հանգամանք լինելու վերաբերյալ իր նախորդ հայտարարության հետ, որ արել էր նախորդ տարեվերջին իր հարցազրույցի ընթացքում: Դրանով նա գրեթե բաց տեքստով ընդգծել էր, որ Սերժ Սարգսյանը փակ պահելով 2018-ի ապրիլը խանգարում է Կարապետյանին ներդրողների հետ աշխատանքում: Փաստորեն, վարչապետն այդպիսով ընդունում է, որ կա անորոշություն, և որ դա բիզնեսի համար խանգարող է:
ՀՀ քաղաքական դաշտում ինտրիգային կրքերը շարունակվում են լարված մնալ և կուլիսային զարգացումների և տարբեր լեգենդների համար նորանոր առասպելներ հյուսելու հնարավորություններ ընձեռում: Դե ինչ` հետհաշվարկը սկսված է: