Երեկ նախագահականում պառլամենտյորների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը որոշակի շեշտադրումներ է կատարել՝ չմոռանալով հընթացս շրջանցել, թե ապրիլի 9-ից հետո ով է լինելու երկրի վարչապետ, որի ձեռքում էլ կենտրոնանալու է իրական իշխանությունը։ Փոխարենը հանգամանալից խոսել է փոփոխությունների անհրաժեշտությունից, գոհունակություն հայտնել ԱԺ նախագահի կատարած աշխատանքներից՝ նրանից շնորհակալ լինելով հանդուրժողական վերաբերմունքի համար։ Սարգսյանը նաև նշեց, որ ոչ միայն ընդդիմադիր, այլ իշխանական խմբակցության պատգամավորներ են լինում երբեմն, որոնք արհեստական շիկանցում են մթնոլորտը։
Սարգսյանն, ըստ էության, հավաքել էր այն քաղաքական ուժերին, որոնց հետ կամ նրանցից ոմանց հետ պատրաստվում է հետագայում համագործակցել։ Չէր եկել ԵԼՔ-ը, ինչը նշանակում է, որ ապրիլին 9-ից հետո ԵԼՔ-ը ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե մնում է պառլամենտական միակ ընդդիմությունը։ Իհարկե, դեռ հայտնի չէ, թե ինչ տեղի կունենա, սակայն այն, որ Ծառուկյան դաշինքն ամենաբարձր մակարդակով ներկայացված էր նախագահի հետ հանդիպման ժամանակ, արդեն շատ բանի մասին է խոսում։ Նախագահական ինստիտուտն ունենալու է ֆիկտիվ դերակատարություն, սակայն շատ բան կախված է լինելու հենց անձերից։ Այն մարդը, ով կզբաղեցնի Հայաստանի նախագահի պաշտոնը, շատ դեպքերում սիմվոլիկ դեր է խաղալու իշխանական տարբեր խմբերին համախմբելու գործում։ Իսկ այ վարչապետի հարցը դեռևս մնում է անորոշ, մինչդեռ Սերժ Սարգսյանի շուրջ օղակը գնալով պրկվում է։ Ոչ միայն հասարակությունը (նրա կարծիքը Սարգսյանին երբեք չի էլ հուզել առանձնապես), այլև հենց նրա շրջապատը նրանից լուծումներ է սկսելու պահանջել սեփական գլխի ճարը տեսնելու համար։ Սարգսյանը գուցե ներքուստ արդեն կողմնորոշվել է վարչապետի հարցում, սակայն դրա մասին հիմա խոսելը նրա համար կարող է ունենալ ոչ այնքան կանխատեսելի հետևանքներ, որովհետև պարզ է, որ, բացի իրենից, ով էլ լինի, չի գոհանցնելու իշխանության շուրջ համախմբված շատ ու շատ մարդկանց։ Նա ցայսօր շարունակում է մնալ այն զսպող դերակատարը, ով կարողանում է զսպել թե՛ քրեական, թե՛ օլիգարխիկ, թե՛ ինտելեկտուալ ու թե՛ բյուրոկրատ, ազգայնական քաղաքական խմբերին։ Աժ ղեկավար կազմին իր շուրջը համախմբելով՝ Սարգսյանը գուցե հասկացնում է նաև հենց դա ու շտապում հանգստացնել, ասել է, թե՝ կարող եք հանգիստ լինել, մնում եմ։ Իսկ հանրությանը կմատուցվի այն տարբերակը, որ Հայաստանի համար գալիք 4 տարիները լինելու են մարտահրավերների բուռն տարի, որ հարկ կլինի նախևառաջ կազմակերպել երկրի անվտանգությունը, դե իսկ Սարգսյանը կդիտիվ ու կմատուցվի այն անձը, ով ունակ է կատարելու այդ բարդագույն գործընթացը։