Իր այցելուներին մշտապես նորովի ներկայացող «Ջազզվե» սրճարանային ցանցի Թումանյանի մասնաճյուղն այսուհետ ներկայանում է նոր դիզայնով և նորացված մենյուով: Հունվարի 5-ին կայանալիք պաշտոնական բացմանն այցելուներին հետաքրքիր անակնկալ է սպասվում. սրահի թարմացված ինտերիերը հաճելիորեն կզարմացնի ձեզ: Մինչ այդ BlogNews.am-ի նյութում և ֆոտոշարքում կարող եք տեսնել` ինչ փոփոխություններ են տեղի ունեցել:
«Մենք ուզում ենք, որ «Ջազզվեի» այցելուներն իրենց այստեղ հարմարավետ զգան թե՛ առավոտյան, թե՛ ցերեկը, թե՛ երեկոյան, համեղ սնվեն և հաճելի ժամանակ անցկացնեն: Թող անհամեստ չհնչի, բայց «Ջազզվեն» Երևանի ամենաթրենդային սրճարանն է: Սրահները տարբեր են և հարմար տարբեր առիթների համար. ունենք փափուկ զոնաներ, որտեղ կարելի է գիրք կարդալ և զոնաներ, որտեղ կարելի է ճաշել, ընթրել: Ի դեպ՝ սրահում գործելու է արագ ինտերնետ, ինչը մեր ժամանակներում շատ կարևոր է»,- նշում է «Ջազզվեի» ռենովացիայի նախագծի ղեկավար Հրաչ Քեշիշյանը:
Նոր դիզայների հետ փոխվել է նաև սրճարանի ճաշացանկը. այստեղ կարող եք համտեսել հայկական և իտալական ուտեստներ. «Իտալական բաժնում կան այնպիսի ուտեստներ, որոնք մեզ համար հատուկ մշակել է մեր սիցիլիացի գործընկերը` Պիետրո Գառաֆոն»,- ասաց Հրաչ Քեշիշյանը։
«Ջազզվեի» ամբողջ կոնցեպտը մշակել են Նոնա Իսաջանյանը, Վիլյամ Կարապետյանը և Տիգրան Համալբաշյանը: Վերջինս ասում է` մեծ թիմ է աշխատել ստեղծման վրա, և նպատակ են ունեցել օրիգինալ, հետաքրքիր լուծումներ տալ: Սրահի անկյուններից մեկում տեդադրված է ապակուց պատրաստված գինիների պահարան. «Այս ապակին պատրաստվել է հատուկ մեզ համար և միայն «Ջազզվեի» այս սրահն ունի այսպիսի պահարան: Պետք է ասեմ, որ ընդհանուր արդյունքն ինձ գոհացնում է»:
Սպասարկող անձնակազմի ոճային և յուրօրինակ հագուստով զբաղվել է դիզայներ Անահիտ Սիմոնյանը, ով օգտագործել է ջինսի և բատիստի համադրությունը. «Կարծում եմ` նրանց հագուստը շատ է տարբերվելու երևանյան մյուս սրճարանների համազգեստներից։ Ուրախ եմ, որ այդ գործը մեզ էին վստահել»:
Մոտ մեկ ամիս առաջ «Ջազզվեն» թողարկեց իր նոր` «Թամար», «Անուշ» և «Գոհար» սուրճերը: Սրճարանում գործող «Ջազզվե բուտիկ»-ում այսուհետ կարող եք ձեռք բերել նվեր-տուփը, որում ներառված են սուրճի երեք տեսակները և բաժակներ: «Ջազզվե բուտիկ»-ը ևս նորություն է, որտեղ կվաճառվեն ոչ միայն հետաքրքիր նվերներ, այլև հագուստի նմուշներ` ստեղծված «Ջազզվեի» ոճով: