Կիրակի օրը Jazzve Opera-ում իտալական մթնոլորտ էր տիրում: Հայաստան ժամանած Պիետրո Գառաֆոն ներկաներին զարմացրեց իր պատրաստած ճաշատեսակներով: Իտալիայից ժամանած խոհարարը մի քանի շաբաթների ընթացքում փորձել է ստեղծել ուտեստներ, որոնք հայերի քիմքին հաճելի կլինեն, ուտեստներից մի քանիսն էլ կլինեն «Ջազզվեի» աշնանային մենյուում: BlogNews.am-ը ներկա է եղել միջոցառմանը և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:
«Մենք ուզում ենք «Ջազզվե» սրճարանների ցանցում երկու ուղղություն զարգացնել՝ հայկականը և եվրոպականը: Ամբողջ աշխարհում լավագույնը իտալական խոհանոցն է համարվում, որը հասու է բոլորին և հարմար բոլորի քիմքին, նաև պարտադրող չէ: Այդ իսկ պատճառով «Ջազզվե» սրճարանային ցանցի հրավերով Պիետրո Գառաֆոն Երևանում է և ներկայացնում է հետաքրքիր ուտեստներ մասնավորապես՝ սիցիլիական խոհանոցից»,- նշում է «Ջազզվեի» ռենովացիայի նախագծի ղեկավար Հրաչ Քեշիշյանը։
Միջոցառման ներկաները ճաշակեցին տորտելլոնի, արանչինի, ռավիոլլի, պիցցետե, աղցաններ և աղանդեր: Այս ուտեստներից մի քանիսը կլինեն «Ջազզվեի» աշնանային մենյուում:
«Ներկայացված է տիպիկ սիցիլիական աղցան՝ գյուղական ձևով, արանչինի՝ պատրաստված բրնձով լցոնված մսով և պանրով: Հատուկ գաղտնիքներ չկան, քանի որ, ինչպես նշվեց, սրանք սիցիլիական ուտեստներ են, բայց հայ խոհարարները չեն կարող նույնությամբ պատրաստել, ոչ թե որ հայ խոհարարը լավ չի կարողանում պատրաստել, այլ նրանց քիմքը սովոր չէ այս համերին: Յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ իր երկրի տիպիկ ուտեստը, միանշանակ, ավելի լավ կպատրաստի»,- նշում է Պիետրոն:
Ի դեպ՝ Թումանյանի «Ջազզվեի» բացմանն ընդառաջ Պիետրո Գառաֆոն կրկին կայցելի Հայաստան:
Լուսանկարները՝ Պետրոս Հովհաննիսյանի