«Ջազզվե» սրճարանային ցանցի հրավերով Երևան է ժամանել իտալացի խոհարար Պիետրո Գարաֆֆոն: Նա Երևան է ժամանել իտալական, մասնավորապես՝ սիցիլիական խոհանոցի համեղ ուտեստներից մի քանիսն առաջարկելու «Ջազզվե» սրճարանների ցանցի նոր՝ աշնանային մենյուի համար: Պիետրոն առաջին անգամ է Հայաստանում, բայց ընկերներից շատ էր լսել Հայաստանի մասին, նրա ընկերներից մի քանիսն էլ այստեղ են ապրում, ովքեր Պիետրոյին պատմել են, թե որքան գեղեցիկ երկիր է Հայաստանը:
Արդեն տասը օր է՝ Երևանում է և հասցրել է փորձել հայկական ուտեստների համը՝ հայկական դոլմա, իշլի քյուֆթա, խորոված, պանիր, ավելուկ. «Միակ բանը, որ իմ քիմքին անսովոր էր, համեմի համն էր: Այն անսովոր համ ունի նաև բոլոր իտալացիների համար: Ձեր երկրում շատ են բանջարեղենները, որոնք անգամ թույլ եփելուց հետո չեն կորցնում իրենց համը»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Պիետրոն։
Պիետրո Գարաֆֆոնի հետ հանդիպումը տեղի կունենա կիրակի օրը՝ ժամը 13:00-ին, Օպերայի «Ջազզվեում», որտեղ էլ ներկայացնելու է տիպիկ սիցիլիական ուտեստներ, բայց զրույցի ընթացքում շատ գաղտնիքներ չբացեց. ասում է՝ ուզում է՝ հյուրերի համար անակնկալ մնա. «Միևնույն է, եթե ասեմ՝ Մառանչինի եմ պատրաստելու, դա ձեզ ոչինչ չի ասի, քանի որ այն պետք է տեսնել: Երբ մարդիկ արդեն պատրաստված ուտեստները համտեսեն, և նրանց դուր գա, ես մանրամասն կներկայացնեմ նաև բաղադրատոմսը: Պատրաստման մեջ արտառոց, գաղտնի ոչ մի բան չկա, ամեն ինչ շատ անհատական է. մեկը սիրում է աղը շատ անել, մյուսը՝ մի փոքր պակաս է անում համեմունքները»:
Խոհարարը նշում է, որ համեղ ուտեստ պատրաստելու համար համեմունքները չպետք է չարաշահել. «Կան համեմունքներ, որ իրար հետ չի կարելի օգտագործել: Ինչքան շատ համեմունք օգտագործեք ուտեստում, այնքան ավելի կփոխվի հիմնական համը, օրինակ՝ թարմ լոլիկը ռեհանով կամ սխտորով և ռեհանով պատրաստելիս, միանշանակ, կզգաք ուտեստի համը: Եթե ավելացնեք ևս մի քանի համեմունք, կկորցնեք թե՛ սխտորի, թե՛ ռեհանի, թե՛ լոլիկի համը և ամենակարևորը՝ բույրը: Խոհանոցում համեմունքներն անհրաժեշտ են, բայց պետք է չափավոր օգտագործել»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի