Տևական ժամանակ է՝ չեմ անդրադարձել պառլամենտի աշխատանքներին։ Ասեմ՝ դա ուներ բավականին հիմնավոր պատճառ. վեցերորդ գումարման ԱԺ-ի որակն էականորեն ցածր է և առանձնակի չի փայլում իր քաղաքական հատկանիշներով (այստեղ որևէ անձնավորված և թիրախավորված ակնարկներ չունեմ, ուղղակի ընդհանուր գործունեության և գործառնական հատկանիշներն եմ ի նկատի ունենում):
Ընթանում է վեցերորդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանի վերջին քառօրյան. ԱԺ աշխատանքային երրորդ օրն ոչնչով առանձնապես չառանձնացավ, բացի դատարկ դահլիճի առկայությամբ: Նույն գաղջն էր ու բուտաֆորիկ դեմքերը: Կարճ ձևակերպմամբ` պառլամենտում «գալոչկայի» համար զուտ «կալենդարնի» հարցեր էին:
Նիստը վարողները շատ անհավես էին իրենց գործն անում և այնպիսի տպավորություն էր, որ մարդիկ գրանցվում և ելույթ են ունենում ընդամենը քննարկվող հարցին որոշակի այլ կարգավիճակ տալու համար (չնայած շատ հարցեր, որոնք որքան էլ հետաքրքիր դրույթներ ունեին ուղղակի անտեսվում և հարցեր չէին լինում):
ԱԺ-ում մի կոնկրետ գործելաոճի եմ հանդիպել. ելույթ ունեցող կամ հարց տվող պատգամավորը հայտնում է, թե «նախորդ հարց տվողները կանխեցին իմ հարցը, կամ ելույթ ունեցողներից մի քանիսը խոսեցին այս հարցի մասին», սակայն, այնուամենայնիվ, շարունակում են մաշել ԱԺ-ի խոսափողները:
Ոչ վաղ անցյալում ԱԺ հայտարարությունների ժամը և կառավարության հետ հարցուպատասխանն ամենասպասված իրադարձությունների թվում էին: ԱԺ քառօրյայի օրերին ԱԺ ամբիոնը մի քանի ժամով վերածվում էր քաղաքական մարտադաշտի, որտեղ թեժ բախումներ էին ընթանում իշխանության և ընդդիմության միջև, հնչում ամենադաժան քննադատությունները: Հիմա պատգամավորների մոտ չկա նախկին էնտուզիազմը: Այս գումարման խորհրդարանում ԱԺ հայտարարությունների ժամն անցնում է աննկատ, նույնիսկ ձանձրալի:
Եթե անկեղծ, ապա այսօր քաղաքական օրակարգում, կարծես, չկա բանավեճի առարկա, քննարկումների լուրջ թեմա: Ընդհակառակը՝ հիմա քաղաքական պրոցեսներն ընթանում են իշխանական կուլիսներում, այն էլ առավելագույնս նեղ շրջանակների գիտությամբ:
Պառլամենտական քրոնիկոնին հետհայացք ուղղելով՝ տեսնում ենք, որ ՀՀ ԳԽ-ի կազմում ընդգրկված էին ամենամեծ թվով նորեկ պատգամավորները: Պատգամավորների ավելի քան մեկ երրորդը ներկայացնում էր մտավորականությունը, այդ թվում` գիտնականներ, ուսուցիչներ և լրագրողներ: Մտավորականության մասնաբաժինը շարունակաբար նվազել է առաջին տասնամյակում և կայունացել երկրորդ տասնամյակի ընթացքում: ԳԽ-ի պատգամավորների մյուս մեծ խումբը բաղկացած է միջին օղակի չինովնիկներից, ովքեր նախկինում, ընդհանուր առմամբ, չեն ունեցել փորձառություն ներքաղաքականության ոլորտում: Նման ներկայացուցիչների քանակը զգալիորեն նվազել է հետագա գումարումների ԱԺ-ներում: Այս երկու խմբերից էլ որոշ անդամներ դուրս են եկել քաղաքականությունից երկրորդ փուլի խորհրդարանական ընտրություններից հետո: Մյուսներն իրենց քաղաքական գործունեությունը դարձրին հիմնական զբաղվածություն` սկսելով քաղաքական կարիերա և կրկին հայտնվելով մեր տվյալների բազայում իբրև ընտրված կամ նշանակված պաշտոնյաներ:
Հ.գ. Օրենսդիրներին այս տարի ևս չի հաջողվի շուտ մեկնել արձակուրդ: Դեկտեմբերի 12-ի արտահերթ նստաշրջանից բացի՝ դեկտեմբերի 19-ին ևս հնարավոր է մեկ արտահերթ նիստ գումարվի, որի օրակարգում բազմաթիվ հարցեր ընդգրկված կլինեն: