Հանրապետության 69 համայնքներում կայացան ՏԻՄ ընտրությունները: Հետաքրքրական է, որ այս ընտրական պրոցեսի ժամանակ ընդդիմադիր ուժերը պասիվ էին, իսկ շատ համայնքներում միայն ՀՀԿ-ի թեկնածուներն էին մնացել ընտրապայքարի մեջ:
Սա նշանակում է, որ ընդդիմադիր կուսակցությունները ուժերը համայնքներում քաղաքական պայքարին պատշաճ ուշադրություն չեն դարձնում: Օրինակ՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որը Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ վերջին շրջանում մարզային այցելություններ էր կատարում, կոչեր անում տեղի բնակիչներին, հարկ չհամարեց նույնիսկ որևէ ընտրատարածքում թեկնածու առաջադրել:
Նույնը կարելի է ասել «Ելք» դաշինքի մասին: Եթե անցած ՏԻՄ ընտրություններում «Ելք»-ի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր»-ը որոշ ակտիվություն էր ցուցաբերում, նույնիսկ Նոր Կյանք համայնքում հաղթանակ տարան, ապա այս անգամ պասիվությունը ինչ-որ իմաստով տարօրինակ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը ամեն առիթի հայտարարում է, որ եթե քաղաքացիներն ուզում են երկրում ինչ-որ բան փոխել, ապա թող իրենց քվե տան: Այս անգամ քաղաքացին ուղղակի հնարավորություն չունեցավ նրանց օգտին քվեարկելու: