Երեկ ԱՊՀ հիմնական օրակարգին զուգընթաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է նաև ԵԱՏՄ-ում Իրանի հետ հնարավոր համագործակցության շրջանակի մեծացման մասին։ Հիշեցնենք, որ նախօրեին Իրանում էր նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, ով բազմաթիվ հարցեր էր քննարկել այդ երկրի ամենաբարձրադիր քաղաքական ու օրենսդիր ղեկավարության հետ։ Եվ այսպես՝ մի կողմից Իրանը ԵԱՏՄ ոչ բոլոր անդամ-պետությունների հետ ունի կայուն ու լավ հարաբերություններ, մյուս կողմից՝ Հայաստանը կարծես թե գնալով դառնում է կոնկրետ Իրանի և ԵԱՏՄ միջև տարվող աշխատանքների յուրատեսակ միջնորդ։ Ավելին՝ հայկական կողմը հստակ ընդգծում է այդ երկրի՝ տարածաշրջանում կարևոր դերակատարության մասին՝ նրան դիտարկելով տարածաշրջանային քաղաքականության գլխավոր դերակատարներից մեկը։ Սովորաբար ՀՀ բարձրագույն իշխանություններն ավելի շատ հանդես են գալիս տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին կրավորական կերպով արձագանքողի դերում, սակայն այս անգամ Հայաստանը կարծես թե ավելի ագրեսիվ ու հաստատակամ դիքորոշում ունի այս հարցում։ Օրինակ՝ Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիային հայտարարել է, որ Թեհրան կատարած այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը քննարկել է Իրանից գազ գնելու, նաև Իրանի տարածքով թուրքմենական գազն, այսպես կոչված, սվոփ, այսինքն՝ փոխանակման եղանակով Հայաստան տեղափոխելու հարցերը:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պիտի Կարապետյանը Իրանում խոսի թուրքմենական գազը Իրանի միջոցով Հայաստան ներկրելու հարցը։ Կարծում ենք՝ Հայաստանը Ռուսաստանին ու մասնավորապես՝ ԵԱՏՄ-ին հասկացնում է, որ եթե ԵԱՏՄ հետագա գործունեությունից հստակ օգուտ չունենա, ինքը ստիպված է լինելու այլ տարբերակներ գտնել տնտեսությունը զարգացնելու, այդ թվում՝ նաև գազի հարցում որոշակի վերահաշվարկներ անել։