Հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծումը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որի շահառուն այս անգամ ոչ թե հանրությունն է, այլ՝ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը։ Ինչպես հասկացանք, ահանգին մարդ նույնիսկ տեղյակ չէր, որ զորախումբը վաղուց արդեն գործում է, սակայն իրավական կարգավորում հարցին տրվել է միայն վերջերս։ Խոսքը 1997 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված միացյալ զորախմբի մասին է։ Թե ինչ նպատակներով է ստեղծվել այս զորախումբը, գաղտնի է պահվում։ Նշվում է միայն սիմվոլիկ սահմանումը, այն է՝ երկու երկրների ներքին ու արտաքին մարտահրավերների դեպքում այն անմիջականորեն կարող է կիրառվել։ Խաղաղ պայմաններում զորքերը ենթարկվում են ՀՀ նախագահին, պատերազմական իրավիճակում որոշումներն ընդունվում են կոլեգիալ։ Հիմնական հարցն այն է, որ, գտնվելով անվտանգության նույն համակարգում, ինչ կարիք կա հայ-ռուսական համատեղ զորամիավորում ստեղծելու։ Պատասխանը հրապարակման ենթակա չէ, որովհետև, ինչպես ասացինք, այն գաղտնի է պահվում։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ցանկացած միավորման, առավել ևս՝ ռազմական զորամիավորման տեղակայման մասին շատ հաճախ չի խոսվում, որովհետև, հաշվի առնելով, օրինակ, Հայաստանի արտաքին մարտահրավերները, այն կարող է օգտագործվել տարբեր շարժառիթներով։ Իսկ եթե ավելի բաց խոսենք, թե՛ ղարաբաղյան առաջին և թե՛ երկրորդ՝ ապրիլյան դեպքերի ժանանակ, ռազմական ու քաղաքական տարբեր կոնյուկտուրաներ են գործել նաև միջազգային խաղացողների ներուժն օգտագործելու հարցում, ու սրանք բաներ են, որոնցից հանրությունը տեղյակ չէ, ու պարտադիր էլ չէ, որ տեղյակ լինի։ Այնպես որ, բաներ կան, որոնք ավելի լավ է քննարկել կուլիսներում, որովհետև հանրային հնչեղությունն իրենից նաև պատասխաններ է ակնկալում, իսկ դրանից արդեն հարց տվողների շրջանակը ԱԺ-ից կարող է դուրս գալ, ու հետաքրքրության շրջանակը լայնանալ՝ Հայաստանին ոչ ձեռնտու պայմաններով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: