Օրերս Հայաստանում կազմակերպել է «Եվրոպան Հայաստանում էքսպո» ցուցահանդես, որի նպատակն է ավելացնել ԵՄ-ի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները, ուսումնասիրել ներդրումային արտոնությունները, ինչպես նաև ընձեռել նոր հնարավորություններ եվրոպական ու հայկական արտադրողներին և ծառայություն մատուցողներին արտահանման և ներմուծման համար: Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունը՝ Եվրոպական բիզնես ասոցիացիայի և ԵՄ առևտրաարդյունաբերական պալատների հետ համատեղ:
Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով նշել էր, որ ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ արտահանման երկիրն է, ինչը, ըստ նրա, շատ նշանակալի է, քանի որ ԵՄ շուկա շատ ավելի դժվար է մուտք գործել, քան ԵԱՏՄ շուկա։ Սվիտալսկին նաև նշել էր, որ ԵՄ-ի կողմից արվում է ամեն բան հայ գործարարների համար առավել հարմար պայմաններ ստեղծեու նպատակով:
Այս միջոցառման հիմնական շեշտադրումն, իհարկե, տնտեսական է, բայց հասկանալի է, որ նման միջոցառումներն ունեն նաև քաղաքական նրբություններ: Չցանկանալով խորանալ քաղաքական նրբերանգների մեջ` կարծում եմ, որ անձամբ Սվիտալսկու կողմից նման հայտարարությունը և ԵՄ-ի կողմից բիզնեսի աջակցմանն ուղղված նմանատիպ միջոցառումների կազմակերպումը ևս մեկ անգամ փաստում են, որ ԵՄ-ն ևս շահագրգռված է ՀՀ-ի հետ տնտեսական համագործակցության հեռանկարով: