Հայաստանի արտաքին գործերի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Ադրբեջանին պետք է պարտադրել խաղաղություն։ Սա, իհարկե, ճիշտ է, սակայն հայտարարության բովանդակությունն է տարօրինակ։ Վերջին ժամանակներս շատ է խոսվում, որ բանակցությունները մտել են փակուղի։ Սա նույնպես ճիշտ է։ Ապրիլյան քառօրյայից հետո հատկապես Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանը չի կատարում։ Փոխզսպման մեխանիզմներ կրակը վերահսկելու համար այդպես էլ չեն տեղադրվում, ինչի վերաբերյալ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը տվել էին իրենց համաձայնությունը։ Օրերս ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հոկտեմբեր ամսին նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում։ Բանակցությունների երկարատև բացակայությունից հետո, իհարկե, հույս կա, որ հանդիպումը դրական արդյունք կտա՝ էական բանակցություններ անցկացնելու համար։ Հանդիպել ամեն դեպքում պետք է, ինչքան էլ որ այսօր կողմերը միմյանց նկատմամբ բացասական տրամադրված լինեն։ Սրան նպաստում է նաև աշխարհաքաղաքական զարգացումները։ Տարածաշրջանում իրավիճակը բավականին փխրուն է ու ամեն վայրկյան կարող է վերահսկողությունից դուրս գալ, որն առաջին հերթին ձեռնտու չէ նախևառաջ Ռուսաստանին, քանի որ, ճիշտ է, ԼՂՀ կոնֆլիկտի լուծման համար մանդատով օժտված է ԵԱՀԿ Մինսկի խումը, սակայն Ռուսաստանը Հարավային Կովկասում ունի գերիշխող դիրք ու հենց նա է նախևառաջ այս տարածաշրջանում անվտանգության գլխավոր երաշխավորը։ Այնպես որ, ռուսական կողմն էլ իր հերթին ամեն ինչ պետք է անի (բացառությամբ ստատուս քվոյի պահպանումից) կոնֆլիկտի լուծմանը նպաստելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: