Երեկ ու այսօր ՀՀ լրատվական կայքերն ու սոցիալական ցանցերն ակտիվորեն քննարկում էին ՀՀ ԱԺ պատվիրակության և ՌԴ Պետդումայի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում տեղի ունեցածը: ՌԴ Պետդումայի խոսնակ Վ.Վոլոդինը ՀՀ իշխանություններին առաջարկել էր ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ, որպեսզի ազգային վարորդական իրավունքներն ընդունվեն Ռուսաստանում:
Հանդիպումից որոշակի ժամանակ անց տեղեկատվություն տարածվեց, որ Արմեն Աշոտյանը տեղում պատասխանել է ՌԴ Պետդումայի խոսնակին ու ընդգծել, որ ՀՀ օրակարգում նման թեմա չի քննարկվում: Ավելի ուշ էլ կայքերը գրեցին, որ Արա Բաբլոյանն է նմանատիպ ձևակերպումով պատասխանել ռուս գործընկերոջը:
Այսօր արդեն շահարկվում էր այն հարցը, թե Բաբլոյանն ու Աշոտյանը մրցակցային հարթակում են հայտնվել և փորձում են տեղեկատվական հոսքերի սփռման միջոցով ցույց տալ, թե ով է իրականում կանգնել ՀՀ-ի թասիբին:
Կարծում եմ` պղտոր ջրում ձուկ որսալու է նմանվում այս ամենը: Իրականում պետք է փաստենք, որ մեր պատվիրակությունը լավ դրսևորեց իրեն, և չառանձնացնելով անհատներին, ֆիքսենք, որ միասին արդյունավետ իրականցրին իրենց առաքելությունը:
Աշոտյանն իր կտրուկ պատասխանով ծանր հրետանու ֆունկցիան է վերցրել, իսկ Բաբլոյանն իրեն բնորոշ զուսպ կեցվածքով ինտելիգենտ դիրիժորի դեր է ստանձնել:
Ինչո՞ւ է ստացվում այնպես, որ մենք բոլոր դեպքերում բացասական երանգներ ենք փնտրում: Մեր պատվիրակությունն իր այցն արժանապատիվ կերպով կատարեց: Ընդ որում՝ կարևոր էր, հատկապես այն հանգամանքը, որ սա ԱԺ նախագահի առաջին պաշտոնական արտերկրյա այցն էր այս պաշտոնում: