Վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում էր լարվածություն։ Ինչպես գիտենք, անցած շաբաթների ընթացքում Ադրբեջանն ինտենսիվ կերպով խախտել է 1994-1995 թվականների ռազմական գործողությունների և կրակի դադարեցման եռակողմ համաձայնագրերով ստանձնած միջազգային պարտավորությունները: Ընդամենը 3 օր առաջ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել էին TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ։
Հատկանշական է այն փաստը, որ Ադրբեջանն այս անգամ նույնպես թաքնվել է խաղաղ բնակիչների թիկունքում։ Քաղաքացիական կորուստների փաստը փորձ է արվում ներկայացվել մանիպուլյացիաների միջոցով։ Սա չափազանց հարմար առիթ է Ադրբեջանի համար՝ թաքցնելու միջազգային մարդասիրական իրավունքի այն կոպիտ խախտումները, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անցած տարի ապրիլ ամսին։
Ադրբեջանի կողմից նման վարքի դրսևորումները ևս մեկ անգամ ընդգծում են խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծման կարևորությունը։ Ադրբեջանի սադրանքների վերաբերյալ ՀՀ-ն դիվանագիտական ֆրոնտում չի լռում։ Ադրբեջանի կողմից իրադրության սրմանն ուղղված գործողությունների կապակցությամբ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավարը նամակով դիմել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի անդամներին, համանախագահներին, ինչպես նաև ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին՝ ընդգծելով, որ Բաքվի ռեժիմի սադրանքների նախաձեռնողները և իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության: