Բոլոր նրանց, ում մտահոգում են այս խնդիրները:
Մայիսի 5-ին տեղի են ունենալու Երևանի Ավագանու ընտրությունները:
Բոլորիս պետք է համախմբի մեկ ցանկություն՝ վերջապես անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները կլինեն վստահելի եւ չեն առաջացնի կասկածներ, դժգոհություն և անարդարության դեմ հերթական բողոքի ալիք: Այդ նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ քայլեր, գործի դնել իրատեսական մեխանիզմներ: Եվ իհարկե՝ հավատալ մեր հաջողությանը:
Որպես այդպիսի մեկ քայլ՝ դիմում եմ Ձեր երիտասարդական կառույցներին՝ կոչ անելով ստեղծել ընտրակեղծիքների դեմ պայքարի միասնական կառույց, որը կվերահսկի մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական, ընտրական և հետընտրական բոլոր գործընթացները:
Վերահսկողության տակ պետք է առնվի և կասեցվի ցանկացած փորձ, որը կխոչընդոտի ընտրությունների ազատ, թափանցիկ և արդար ընթացքը։
Այս կառույցի շրջանակներում առաջարկում ենք ձևավորել փաստահավաք խումբ, որը հընթացս կարձանագրի խախտումները և իրավական հիմք կստեղծի` դրանք դատական կարգով վիճարկելու համար:
Առավել քան համոզված եմ, որ հենց երիտասարդների ներուժը կենտրոնացնելով այս կարեւոր խնդրի շուրջ` կկարողանանք կանխել բազմաթիվ զեղծարարություններ, կապահովենք հնարավոր ընտրակեղծիքների հանդեպ անհանդուրժողականության մթնոլորտ։
Անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ մայրաքաղաքի ավագանու ընտրությունները կդառնան լավ մեկնարկ՝ ինչպես քաղաքական ուժերի նոր որակի՝ գործնական քայլերի վրա հիմնված համագործակցության, այնպես էլ Հայաստանում ազատ, արդար ընտրությունների ավանդույթի ձևավորման համար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/enfiajyan/posts/465148493555333
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել