Ռուս-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների ֆոնին Հեյդար Ալիևի ստեղծած կազմակերպությունը Ռուսաստանում լուծարվելու եզրին է:
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը դիմել է Գերագույն դատարան ՌԴ-ում գործող «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» կազմակերպությունը լուծարելու հայցով: Սա հետաքրքիր է դառնում հատկապես Ռուսաստանի և Ադրբեջանի դիվանագիտական հարաբերությունների հոբելյանի ֆոնին:
Թե ինչ է թաքնված այս իրողության խորքերում, հայտնի կդառնա ավելի ուշ, սակայն փաստն ինքնին արդեն ինտրիգային է, քանի որ ադրբեջանական կողմից կազմակերպության փակման խնդրին ավելի կոշտ են պատասխանել: Մասնավորապես՝ Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսամբեկովը հայտարարել է, որ եթե ՌԴ-ն լիկվիդացնի «համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը», ապա, ի պատասխան դրա, Ադրբեջանում կլուծարվի ռուսական համայնքը:
Հետաքրքիր է, թե ինչով կավարտվի այս փոխհրաձգությունը, մանավանդ որ Ռուսական կողմը բազմիցս ցույց է տվել, որ չի հանդուրժում իր հետ վերջնագրերի լեզվով ոչ մի տեսակի հարաբերություն:
Այդ կազմակերպությունը, իր առջև դրված խնդիրներից ելնելով, պատաստխանատվություն է վերցրել ամրացնելու քաղաքացիական հանրույթի և ՌԴ միջէթնիկական համաձայնության համագործակցությունը Ռուսաստանի և Ադրբեջանի սոցիալ-տնտեսական և մշակութային համագործակցության զարգացման և խորացման առնչությամբ:
Նշենք, որ այսօր լրանում է Ռուսաստանի և Ադրբեջանի դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակը, որի առնչությամբ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հեղինակային հոդվածներ են փոխանակել ադրբեջանական և ռուսական լրատվամիջոցներում՝ շնորհավորելով միմյանց: