Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ օրերս տված ասուլիսից հետո տարատեսակ մեկնաբանություններ ու տարբեր կանխատեսումներ սկսեցին շրջանառվել հանրության շրջանում:
Մասնավորաբար, քննադատախառը քննարկումները ծավալվեցին Արա Աբրահամյանի՝ կուսակցություն բացելու վերաբերյալ հայտարարության շուրջ: Զերծ մնանք եղած քննարկումներից ու մեկնաբանություններից:
Ամենաուշագրավը հայտնի ասուլիսում հավանաբար հետևյալ միտքն էր՝ «Այս ամբողջ տարիների իմ աշխատանքը ցույց տվեց, ասենք, Ռուսաստանի հայերի միության աշխատելը, ՌՀՄ-ի կայուն զարգացումը, ՌՀՄ-ն իր տեղը գտնելով ոչ միայն այստեղ, այլ ամբողջ աշխարհով մեկ՝ ցույց տվեց, որ ես պատրաստ եմ այսօր ինչ-որ բան իմ հայրենիքի համար անելու, որն անչափ ինձ համար կարևոր նշանակություն ունի, որովհետև ես չեմ կարող այնտեղ հանգիստ լինել, երբ որ տեսնում եմ, որ այստեղ ինչ իրավիճակի մեջ է և որ տեսնում եմ, որ այստեղ կարելի է օգնել այս երկրին: Ես չեմ ուզում որևիցե մեկին քննադատել»:
Այսինքն՝ ստացվում է, որ Արա Աբրահամյանի նպատակը «երկրին օգնելն» է: Նախապես նշեմ, որ ցանկացած օգնություն, որը բարի է, ծառայում է ժողովրդին, միանշանակ արժանի է բարձր գնահատանքի: Կուսակցություն բացելը, քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցությունը, իհարկե, կարող է ողջունելի լինել, սակայն երկրին օգնելու այդ նկրտումն ավելի լավ կլինի նաև իրացնել, ասենք, «Նաիրիտի» վերագործարկման նոր ծրագրի կյանքի կոչելու մեջ ակտիվ մասնակցությամբ: Դա կլինի «երկրին օգնություն», որը չի խանգարի կուսակցության գործառնմանը, այլ հակառակը՝ կօգնի: