Հայաստանյան ընդդիմադիր դաշտում Եռյակ անվանումով մոբիլիզացված ուժեր կային, որ հիմա ձևով կան, բայց եռյակային բովանդակությամբ անհասկանալիորեն գործունեություն չեն ծավալվում:
Հիշենք, որ ԲՀԿ-ի տրանսֆորմացիայից հետո ակտիվ գործողությունների առումով ընդդիմադիր եռյակը դադար վերցրեց, որպեսզի ինքնակազմակերպվի, այնուհետև հայտարարվեց, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ժամանակավորապես դադարեցվում են ակտիվ գործողությունները, որպեսզի ճիշտ ընկալվեն թե՛ հասարակության և թե՛ միջազգային հանրության աչքերում: Սակայն, այսպես ասած, տարակուսելի անհանգստություն կա մթնոլորտում եռյակի գոյության և հետագա համագործակցային գործունեության առումով:
«News.am»-ում կարդում ենք. «Հայաստանի խորհրդարանում ոչ իշխանական եռյակը դեռ չի համագործակցում, բայց անհրաժեշտության դեպքում դա լրիվ հնարավոր է: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը»:
Շատ հետաքրքիր է` ո՞րն է այդ անհրաժեշտությունը: Որքան չի դավաճանում հանրային հիշողությունը, եռյակի գլխավոր և ամենաառանցքային պահանջը իշխանափոխությունն էր, որի իրականացման «անհրաժեշտության» շուրջ կատարվել էր մոբիլիզացիան, և որը համախմբում էր տարբեր ուժերի ու մարդկանց: Իսկ ո՞ւր է հիմա այդ անհրաժեշտությունը: Վատնվե՞ց, սպառվե՞ց, այլևս չկա՞ այդպիսի անհրաժեշտություն, ի՞նչ ասել է՝ անհրաժեշտության դեպքում հնարավոր է...
Չմոռանանք, որ մենք հարուստ ենք ընդդիմադիր դաշտի կուսակցական առատությամբ, հիշենք, որ խորհրդարանում ներկայացված 7 կուսակցություններից առնվազն 6-ը` ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ընդդիմադիր են:
Հ.Գ. Այնպիսի տպավորություն է, որ կարծես «Եռյակն» արդեն անցյալում է, և նրա մասին միայն լավով են հիշում, ինչպես ասում են` «մեռածների մասին կամ լավը, կամ ոչինչ»: