Արցախի պաշտպանական դիրքերում ադրբեջանական սադրիչ դիվերսիայի արդյունքում հայկական կողմն ունի երկու զոհ:
Հիշեցնենք, որ ադրբեջանական այդ սադրանքը վերջին հատվածում դադարի փուլում էր:
Ինչո՞վ է պայմանավորված այս սադրիչ գործողությունը, սահմանային լարումը կրկին թարմացնելը:
Չենք մոռացել, որ Ադրբեջանում «ազգային» արժույթը՝ մանաթը, արժեզրկվեց 34%-ով, պատկերացնում ենք, թե ինչ է նշանակում դա, ուղղակի ֆիքսենք, որ այն բացասական լուրջ հետևանքներ կունենա:
Երկրորդ հանգամանքը, որ արժանի է հիշատակել, դա ԱՄՆ պետքարտուղարի օգնական Նուլանդի հայտարարությունն էր ադրբեջանցի դիվերսանտների վերաբերյալ մարդասիրական կոչով, որին հաջորդեց Ջեն Փսակիի հայտարարությունը: Այնպիսի հետևողականությամբ հնչեցին հայտարարությունները կարծես ԱՄՆ-ն Ադրբեջանին ինչ-որ բան էր խոստացել: Ինչևէ: Այնուհետև մի քանի օր անց արդեն տեղի է ունենում դիվերսիոն գործողություն:
Լավ կլիներ, որ մարդասիրական կոչ անելուց զատ նաև կոչ, հորդոր ու պահանջ ներկայացվեր նման բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որ ադրբեջանական կողմն իր սադրիչ գործողություններին վերջ տա: Ուստի եթե արբիտրի դիրքերից հանդես են գալիս ֆունկցիոներներ, ապա ենթադրվում է, որ պետք է լինեն հավասարակշռված, արդար ու վճռական: Սակայն տեսնում ենք երկակի ստանդարտներ ու անատամ հայտարարություններ:
Լավ կլիներ նաև, որ Մինսկի խումբը իրեն հատուկ ջայլամային կեցվածքը թոթափեր և, ցուցաբերելով վճռականություն, հանդես գար Ադրբեջանին պատժիչ քայլեր ենթադրող գործողություններով:
Նշենք, որ դիվերսիան հերսոաբար հետ են շպրտել մեր զինվորները, սակայն ունեցել ենք 2 զոհ: Խորապես ցավակցում եմ զոհերի հարազատներին, ընկերներին և ծառայակիցներին: