Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել բաց նամակով՝ հրապարակավ առաջարկելով գործող նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպել, դեմ առ դեմ մտքերի փոխանակում անել Ցեղասպանության 100-ամյակի վերաբերյալ հռչակագրի կապակցությամբ:
Ինչևէ, մի կողմ թողնելով այս առաջարկի դրական ու բացասական կողմերը, կենտրոնանանք մի հանգամանքի վրա, որը նշված էր առաջին նախագահի բաց նամակում: Ի՞նչ է ասում նա:
Տեր-Պետրոսյանն առաջարկում է հանդիպում՝ հանուն գործի շահի, ինչն էլ արդյունավետ դարձնելու համար արժե մտածել մի խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու մասին, և թվարկում է այդ հանձնաժողովի կազմը, որը կարող է համալրվել:
Շատ հետաքրքիր է այդ անձանց ընտրության չափանիշները: Ինչո՞ւ, օրինակ, այդ ցանկում չկա Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց կա Ալիկ Արզումանյանը, կամ ինչպե՞ս եք ապահովելու Վանո Սիրադեղյանի ներկայությունը: Եթե Բաբկեն Արարքցյանն ու Արա Սահակյանը կան, ինչո՞ւ չկան, օրինակ, Հրանտ Մարգարյանը, Կիրո Մանոյանը, Արթուր Բաղդասարյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արման Նավասարդյանը և այլոք...
Հետաքրքիր է՝ ի՞նչ չափանիշներով են ընտրվել առաջին նախագահի նշած անհատները:
Պետք է հիշեցնենք, որ գոյություն ունի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով: Իսկ ի՞նչ պետք է քննարկեն նախագահները (եթե կայանա հանդիպում), որի ընթացքում կայացրած որոշումները չեն կարող կյանքի կոչել ներկայիս հանձնաժողովը:
Ինչևէ, առաջին նախագահի այս քայլը մեկ բառով կարող ենք կոչել մասնակցային հայտ, որն իհարկե հայացքից ողջունելի է և գնահատելի: Մյուս կողմից Տեր-Պետրոսյանի այս քայլով նաև փոխվում է ներքաղաքական դասավորությունը:
Ինչևէ, սպասենք դեպքերի հաջորդ հետաքրքիր զարգացումներին: