Քառյակի թեժ աշունը հնարավոր է այնքան թեժանա, որ «հովանալու» անհրաժեշտություն առաջանա և ժամանակավորապես տրոհվելու որոշում կայացվի: Կամ էլ որոշում պետք չէ, բավական է ուժերից մեկը կամ երկուսը բոյկոտեն հանդիպումները, ապա մի քանի օր հետո հանդես գան տարակարծությունների պատճառով հետագա համագործակցության դադարի վերաբերյալ, և արդեն տրոհումը պատրաստ է: Կամ էլ հայտարարվi երկկողմ հանդիպումների ձևաչափով շարունակելու մասին, ապա տրամաբանական հետագան պարզ է:
Այսօր արդեն ակնարկներ են հնչում քառյակի ուժերից մեկի առաջնորդի շուրթերից՝ եթե քառյակը փլուզվի, ապա մեծ դժբախտություն չի լինի: Շատ հնարավոր է, որ այն փլուզվի հիմնականում սահմանադրական բարեփոխումների շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով: Իսկ այն, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Քառյակում «կոնսեսնսուս մինուս ՀՅԴ-է», դա փաստ է:
Նշենք, որ ՀՅԴ-ն կողմ է արտահայտվել խորհրդարանական կառավարման ձևին անցնելու և 100% համամասնական ընտրակարգ սահմանելու հարցում: Ի դեպ ԲՀԿ-ն էլ կողմ էր 100% համամասնական ընտրակարգին, սկայն թե ինչ «սև կատու» անցավ այդ ընթացքում և ինչպես այդ ուժը փոխեց իր դիրքորոշումը, հայտնի չէ, ավելի ճիշտ ենթադրելի է:
Նշենք նաև, որ նախօրեին հանդիպել են քառյակի երկու ուժերի առաջնորդները: Ու այդ հանդիպումից հետո հանրահավաքի օրը սեպտեմբերից հասավ հոկտեմբեր:
Իսկ այսօր լրատվամիջոցներից մեկի հարցին, ԲՀԿ առաջնորդը քառյակի վերաբերյալ նշել է՝ «Կա հնարավորություն` խնդիրները իրար հետ քննարկելու, միասնական փոխզիջումային որոշումներ կայացնելու. Ու դա շատ լավ է: Չի լինի նման հնարավորություն` ողբերգություն պետք չէ սարքել: Այդ դեպքում քաղաքական ուժերի հետ ԲՀԿ-ն կաշխատի երկկողմ հարաբերությունների մեխանիզմով»: Մնում է սպասել և ականատեսը լինել քառյակի «հոգեհանգստյան» արարողությանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/827172273989881
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել